Չկա ու չի կարող լինել արտոնյալ, որ կամայականորեն կօգտագործի Պարզ լճի հարակից տարածքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

նկար

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Դիլիջան» ազգային պարկում էր: 

Նախարարի պաշտոնակատարն աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի նորանշանակ փոխտնօրեն Էդգար Խաչատուրյանին, ապա աշխատանքային խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։ Քննարկվել են տեղամասերում իրականացվող վերահսկողության ու պահպանության վերաբերյալ մի շարք ընթացիկ հարցեր։

«Դիլիջան» ազգային պարկի նորանշանակ փոխտնօրենին ներկայացնելիս նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը մատնանշել է, որ, ցավոք, պատուհասած պատերազմը որոշակի խմբագրումներ է մտցրել նախանշած առաջնահերթությունների մեջ, բայց հիմա թիկունքը շտկելու, պետական կառավարման արդյունավետությունը բնականոն հուն վերադարձնելու և ավելի բարձր մակարդակով իրացնելու շրջափուլն է սկսվել։ Պետք է նոր թափով լծվել բարեփոխումների կյանքի կոչմանը։

Պարոն Խաչատուրյանին վստահված է նախարարության մանդատով կանոնակարգել տնտեսվարողների հետ հարաբերությունները, բնօգտագործման, ջրօգտագործման թույլտվությունները, լրջագույն աշխատանքներ տանել Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման և պատշաճ աղբահանության կազմակերպման և տարածքների գույքագրման ուղղությամբ։

Գերխնդիր է «Դիլիջան» ազգային պարկի պոտենցիալը և տնօրինած ռեսուրսներն ամբողջությամբ իրացնել և այդ իրացման արդյունքում գեներացված ֆինանսական հոսքերն ուղղել աշխատավարձերի բարձրացմանը և ազգային պարկի սեփական կարողությունների հզորացմանը։

Նախարարի պաշոնակատար Պետրոսյանն առանձնակի անդրադարձ է կատարել փայտանյութի մթերման մեխանիզմների փոփոխության անհրաժեշտությանը։ Այսուհետ ազգային պարկը չպետք է իրականացնի փայտանյութի որևէ նպատակային արդյունահանում։ Այս ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, մշակվում են իրավական կարգավորումները։

Քննարկվել են զբոսաշրջության ակտիվ շրջանի մեկնարկից առաջ «Դիլիջան» ազգային պարկի ենթակայության բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի կառուցապատումներին, ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքին, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի պահպանմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագրերին։ Ընթացքի մեջ են բնության այդ չքնաղ հուշարձանին վայել, քաղաքակիրթ պայմաններով ավտոկայանատեղիի կազմակերպման և սպասարկման աշխատանքները։

Նախարարի պաշոնակատարը խիստ գնահատականներ է հնչեցրել և հավաստիացրել, որ չկա ու չի կարող լինել որևէ արտոնյալ, ով իրավունք կունենա կամայականորեն օգտագործել ազգային հարստությունը՝ սեփական, նեղ անձնական շահերի համար։

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը և ազգային պարկի ղեկավար կազմը նախանշել են այն երեք հիմնական ուղղությունները, որոնց ուղղությամբ կարճաժամկետ հեռանկարում պետք է աշխատանքներ իրականացվեն՝

- տնտեսվարողների հետ իրավական հարաբերությունների կանոնակարգում, որևէ ապօրինության բացառում.

- ազգային պարկի տնտեսական պոտենցիալի ամբողջական գույքագրում և իրացում.

- տնտեսական և տուրիստական բաղադրիչի վերջնական կայացում:

Նախարարի պաշտոնակատարը խոսել է նաև ապակենտրոն կադրային քաղաքականության և համակարգը երիտասարդ ու նորարար կադրերով համալրելու անհրաժեշտության մասին։

--00—ԼՄ