Աշխարհն ու մենք. ի՞նչպես կարող է կապիտուլացված պետությունը ոտքի կանգնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Եվ այսպես, Հայաստանում ամենայն հավանականությամբ հունիսի 20-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Փոխադարձ ատելության, անվտանգային լրջագույն մարտահրավերների առկայության, միմյանց դավաճանության ու հազար ու մի այլ մեղքերի մեջ մեղադրող ընդդիմությունն ու իշխանությունը, ամենայն հավանականությամբ, շատ խոսելու են անցյալից ու ներկայից ու բավական քիչ՝ ապագայից։ Իրականում, արցախյան պատերազմում պարտությունը, անվտանգային համակարգի անկատարությունը, ի տարբերություն հակառակորդի՝ նավթի ու գազի բացակայությունը, հասարակության ընդգծված շերտավորումը, ինստիտուտների անկատարությունն ու տեղ-տեղ՝ ընդհանրապես չգործելը, միջին խավի գրեթե բացակայությունը լրջագույն մտորելու տեղ է տալիս, թե ինչը կարող է Հայաստանին որակապես տարբերել տարածաշրջանի այլ երկրներից, կամ, այլ կերպ ասած, ինչ կարող ենք մենք աշխարհին առաջարկել, որպեսզի կրկին հետաքրքիր դառնանք ու տնտեսական կտրուկ վերելք արձանագրելու հնարավորություն ունենանք։ 

Պարզից էլ պարզ է, որ տարածաշրջանային ապաշրջափակման մասին խոսակցությունները միանշանակ չեն ընկալվում մեր հասարակությունում, քաղաքական ու բիզնես շրջանակներում։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումը խաղաղ ժամանակ կարող էր ունենալ այլ, իսկ այժմյան՝ հետպատերազմյան ու փաստացի կապիտուլացված իրականությունում բոլորովին այլ էֆեկտ։ Այլ խոսքերով,  մենք մեր երկրում ունենք կարգուկանոն հաստատելու խնդիր, պետության գործառույթների մի ստվար հատված գտնվում է հետպատերազմյան շոկի մեջ, ավելին,  ընտրությունները, հնարավոր է, դրանք ավելի խորացնեն, ուր մնաց, որ տարածաշրջանային նմանատիպ խոշոր փոփոխությունները կարողանանք «մարսել» ու կառավարելի դարձնել։ 

Դրա հետ մեկտեղ Հայաստանի քաղաքական էլիտան՝ լինի այն իշխանություն, թե ընդդիմություն, այնքան է խորացել միմյանց ատելու «գործի» մեջ, որ արտահերթ ընտրությունները վերածվելու են կենաց մահու և իրար ոչնչացնելու պայքարի, բայց ոչ երբեք ապագայի շուրջ բանավեճի։ 

Իսկ աշխարհն այդ ընթացքում, մանավանդ հետկորոնավիրուսյան իրականությունում, գնում է բացարձակապես այլ ուղղությամբ, հասկանալով, որ ժամանակակից որակյալ ու մրցունակ տնտեսության ստեղծման առաջնային ճանապարհը թվայնացումն է, ընդ որում, թվայնացում, որն ուղիղ կապ ունի տնտեսության զարգացման բոլոր ոլորտների հետ, և առանց որի մեր երկիրը հնարավորություն չունի դառնալու համաշխարհային տնտեսական կյանքի բաղկացուցիչ մաս՝ զրկվելով մրցունակության վերջին տարրերից։ 

Այն, որ աշխարհը գնալու է թվայնացման, և մենք պետք է հետ չմնանք այս անխուսափելի իրականությունից, մեզանում առաջին անգամ խոսել է ՀՀ նախկին վարչապետ, ԵԱՏՄ Կոլեգիայի նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը, որը 2017 թ-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ ասել է։ «ԵԱՏՄ անդամ երկրներին անհրաժեշտ է միասին ստեղծել Միության էլեկտրոնացման միասնական ծրագիր՝ «պլան ԳՈԷՐԼՈ-2»։ Դեռևս 1920 թ-ի դեկտեմբերին՝  Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո, բոլշևիկյան կառավարությունն առաջարկեց «պլան ԳՈԷՐԼՈ»-ն, որի հիմքում ընկած էր ամբողջ երկրի էլեկտրաֆիկացիան։ Այս ծրագրի կատարման շնորհիվ հնարավոր եղավ հասնել լրջագույն առաջընթացի և կառուցել հզոր ինդուստրիալ երկիր։ Այսօր մենք կանգնած ենք նմանատիպ իրավիճակի առջև։ Գնում է տնտեսական աճի նոր մոդելի քննարկման բանավեճ, բայց ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ է էլեկտրոնացման ծրագիր, որով կկարողանանք մոդերնիզացնել մեր միությունը», - հայտարարել էր Տիգրան Սարգսյանը։

Այս հայտարարությունն արվել էր այն ժամանակ, երբ աշխարհը դեռևս չէր ցնցել կորոնավիրուսային համավարակը։ Համաշխարհային այս աղետի ներթափանցումը մեր կյանք աշխարհի առաջատար երկրներին ու ինտեգրացիոն միություններին ավելի ու ավելի ստիպեց մտածել համատարած թվայնացման մասին՝ միմյանց հետ ֆիզիկական շփումները մինիմալի հասցնելու և վարակը կանխելու համար։ Բացի այդ, աշխարհը նաև կանգնեց դիլեմայի առջև՝ ինչպես անել, որ վրա հասած համաճարակի հետևանքով աշխարհը  չգնա փակման, շարունակեն թռչել օդանավերն ու աշխատի բիզնեսը։ Եվրասիական տնտեսական միության տարածքում, օրինակ, գրեթե մեկ տարի տևած սահմանափակումները հնարավոր եղավ մասամբ հանել ու վերականգնել օդային թռիչքները «Ճանապարհորդում եմ առանց քովիդ 19» ծրագրի հետևանքով, որը ստեղծվել է Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» կողմից, որն, ի դեպ,  ղեկավարում է հենց նույն Տիգրան Սարգսյանը։

Այս ծրագրի հետևանքը հատկապես զգալի է Հայաստանի համար, որի հազարավոր քաղաքացիներ կորոնավիրուսային համավարակի պատճառով չէին կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն, պարբերաբար բողոքի ցույցեր ու ակցիաներ էին անում կառավարության դիմաց՝ հարցը լուծելու պահանջով։ «Ճանապարհորդում եմ առանց քովիդ» հեռախոսային հավելվածը թվայնացման անխուսափելիության մեկ օրինակ է, երբ ՀՀ քաղաքացին մեր մոտ հանձնում է կորոնավիրուսային համավարակի որոշման թեստ ու, բացասական պատասխանի դեպքում, անարգել մեկնում ՌԴ, Բելառուս կամ Ղրղզստան՝ հեռախոսի մեջ ունենալով համապատասխան արդյունքներ պարունակող QR կոդը։ Հավելվածի հաջողությունն այնքան է ոգևորել ՌԴ կառավարությանը, որ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ռուսաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ երկրում հավատարմագրված արտասահմանյան դիվանագետներին առաջարկում էր կիրառել այս կարևոր փորձը՝ ՌԴ-ի հետ անխափան հաղորդակցություն վերականգնելու համար։ 

Ի դեպ, ժամանակի էլեկտրաֆիկացման և ապագայի թվայնացման ընդհանրությունների մասին Տիգրան Սարգսյանից գրեթե չորս տարի անց խոսեց նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ երկրի զարգացման իր ծրագրում։ 

«Մի քանի տասնամյակ առաջ ֆեդերալ կառավարությունն ընդունեց, որ առանց էժան էլեկտրաէներգիայի և էլեկտրաֆիկացման ամերիկացիները չեն կարող լինել ժամանակակից հասարակության լիարժեք անդամներ և ժամանակակից տնտեսության լիակատար դերակատարները։ 1936 թվականին ընդունած օրենքը պատմական առաքելություն կատարեց՝ հասցնելով էլեկտրաէներգիան գրեթե բոլոր ամերիկացիների տներ ու ֆերմաներ։ Միլիոնավոր ընտանիքներն ու երկրի տնտեսությունը քաղում են այս քայլից ստացված օգուտները։ Համատարած թվայնացումը նոր էլեկտրականությունն է», - նշել է Բայդենը։ 

Առաջիկա ընտրությունները պետք է կանխորոշեն ոչ միայն Հայաստանի ներկան, այլ նախ և առաջ ապագան։ Եվ ապագայի մասին բանավեճը, ժամանակակից աշխարհի լիարժեք անդամ լինելու իրավունքը, տնտեսության ժամանակակից ու գրավիչ լինելը պետք է դառնա այն տեսլականը, որի շուրջ կարելի է համախմբել հասարակությանն ու կառուցել նոր մարտահրավերներին համապատասխան երկիր։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ