Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքն ապրում է կրակոցների տակ. համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

հասարակական

Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքի բնակիչների 80 տոկոսը վերադարձել է գյուղ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մխիթարաշենի համայնքի ղեկավար Մխիթար Առստամյանը:

Նրա խոսքով՝ մինչ պատերազմը գյուղացիներն ակտիվորեն զբաղվում էին անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, պատերազմից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 77 հա տարածք մնացել է թշնամու վերահսկողության ներքո, ճարահատ տնամերձ հողատարածքներում քիչ քանակությամբ բանջարաբոստանային կուլտուրաներ են աճեցնում: «Գյուղում դպրոց և մանկապարտեզ չկա: Դպրոցահասակ 13 երեխաներն այցելում են հարևան Շոշ գյուղի կրթօջախ. ունենք ընդհանուր օգտագործման մեքենա, որը երեխաներին փոխադրում է:

Գյուղում գործում է բուժկետը և ակումբը: Պատերազմի ժամանակ բնակելի տների գրեթե 90 տոկոսը վնասվել է, մեկը՝ ամբողջովին ավերվել: Այս պահին վերականգնման աշխատանքներ են տարվում. ավարտված են երեք տների շինաշխատանքները: Մենք այնքան մոտ ենք թշնամուն, որ անգամ նրանց մուղամների ձայներն ենք լսում: Ամեն օր կրակոցներ են լինում՝ վախեցնելու նպատակով: Գյուղն անվտանգ չէ: Կանայք վախի մեջ են ապրում»,- ավելացրել է Մ. Առստամյանը:

Տեղեկացնենք, որ հենց հարցազրույցի ընթացքում թշնամին հերթական անգամ կրակ բացեց:

--0--ԿԿ