Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ Ս․ Աննայի բակում համերգ կլինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

նկար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին՝ ժամը 19:00-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում կանցկացնի բացօթյա համերգային երեկո, որի ժամանակ հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «ԱգապԷ» կամերային երգչախումբը (իգական կազմ) և Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը:

Համերգային ծրագրի ընթացքում կհանրայնացվի պատմամշակութային հուշարձանների պատկերներով 3 նամականիշ, որոնք թողարկվել են «Հայփոստի» հետ համագործակցությամբ: Միջոցառման նպատակն է նախագծի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացումը. յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր մասնակցությունն ունենալ հուշարձանների պահպանությանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է նաև «Բարդ անցյալներ, բազում ապագաներ. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողով՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Համաժողովը տեղի է ունենալու 2021 թվականի ապրիլի 27-ին Մատենադարանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում: Համաժողովին մասնակցելու են ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, մասնագիտական հանրության, դիվանագիտական օղակների ներկայացուցիչներ:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում բարձրացնել հասարակության իրազեկվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ:

--00—ԼՄ