ՀՀ-ում Բելառուսի դեսպանը մեկնաբանել է Բաքվում նախագահ Լուկաշենկոյի հնչեցրած շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Բելառուսի դեսպան

Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը մեկնաբանել է Բաքու կատարած այցի ընթացքում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորանքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նշելով, որ այն վերաբերել է երկու կողմերում արյունահեղության դադարեցմանը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

«Նախագահը շնորհավորել է ոչ թե այն բանի առթիվ, որ ինչ-որ մեկը կորցրել է, իսկ մյուսը՝ ձեռք է բերել, այլև այն փաստի կապակցությամբ, որ դադարեցվել է արյունահեղությունը և որ մայրերը դադարել են կորցնել որդիներին: Ես եղել եմ պատերազմում և տեսել եմ, թե այն ինչ է: Ես կխնդրեի հենց այս տեսանկյունից դիտարկել մեր՝ բելառուսական կողմի դիրքորոշումը և պետք չէ ոչինչ ավելացնել, շահարկել ու այլ կերպ ներկայացնել իրավիճակը: Մեր նախագահը խաղաղության մարդ է: Գլխավոր դատախազի պաշտոնում ես 9 տարի շփվել եմ նրա հետ և գիտեմ, որ նա ոչ ոքի վատը չի ցանկանա»,- ասել է Կոնյուկը:  

Այս տարվա ապրիլի 14-ին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել էր Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Լուկաշենկոն շնորհավորել էր՝ «30 տարի տևած սարսափելի ողբերգության ավարտի կապակցությամբ»: Որոշ լրատվամիջոցներում ու սոցհարթակներում Բելառուսի նախագահի խոսքը ներկայացվել էր որպես շնորհավորանք Ադրբեջանի նախագահին՝ իբր այսպես կոչված «հողերի ազատագրման» կապակցությամբ:

--00--ԱԹ