Ցեղասպանության ճանաչումը կպաշտպանի հայերին Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան մտադրությունից

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

Համբարյան

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ուղերձով է հանդես եկել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով օրվա պատմական խորհուրդը։ Ինչպես հայտնում է «Հայերն այսօր»-ը, Համբարյանը դիմել է աշխարհի բոլոր հայերին, գործընկերներին՝ նշելով, որ այս տարվա ապրիլի 24-ին արտացոլվելու է այն ամբողջ աշխատանքը, որը կատարել  են տարիների ընթացքում։

«Միգուցե կարող ենք իրատեսական համարել, որ այսօր՝ ապրիլի 24-ին, ԱՄՆ  նախագահը կարտաբերի «ցեղասպանություն» բառը, և պատմության այդ էջը կկարողանանք թերթել և շարժվել առաջ՝ վերածելով այդ ճանաչումը տարբեր միջոցների, որով կվերահաստատենք այդ պատմական իրողությունը», - ասել է նա։

Արամ Համբարյանի կարծիքով՝ ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է դեպի արդարություն, որը ճանապարհ կհարթի Արցախի և Հայաստանի անվտանգության պահպանման համար։

«Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ պատասխանատու քայլ է լինելու Ամերիկայի նման ուժեղ պետության կողմից։ Սա նաև կարևոր քայլ է լինելու միջազգային իրավունքների տեսանկյունից։ Ցեղասպանությունը հանցագործություն է, որը պետք է դատապարտվի, մենք և ամբողջ աշխարհը հավատում ենք, որ այն կդատապարտվի, որովհետև դրա հետևանքները չպետք է անտեսվեն», - նշել է Համբարյանը։

Արամ Համբարյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը անվտանգային նշանակություն է ունենալու ամբողջ աշխարհի հայերի և նրանց գոյության պահպանման համար։ Ըստ նրա՝ այն կպաշտպանի հայերին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպան մտադրությունների զոհը դառնալուց։

--00--ԱԹ