Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է անում չընդունել Էրդողանի ժխտողական ամբիցիաները

ԵՐԵՎԱՆ ԱՊՐԻԼԻ 24,  24News

եխ

Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Ռոզաննա Կոնտեն Եվրոպական Միությանը կոչ է անում չընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժխտողական և գերիշխող ամբիցիաները: Այս մասին Կոնտեն նշել է «Արմենպրես»-ին փոխանցած իր տեսաուղերձում:

«Հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի ամենաողբերգական էջերից մեկն է, էջ, որը դժբախտաբար դեռ փակված չէ։ Մենք վերջերս դրա ականատեսը եղանք Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում։ Ատելության քաղաքականությունը շարունակվում է, որին նպաստում է Էրդողանի Թուրքիան իր ժխտողական և գերիշխող ամբիցիաներով։ Եվրոպական Միությունը չի կարող և չպետք է ընդունի այն։ Որպես իտալացի՝ ես հպարտ եմ, որ մեր վարչապետը խիստ դիրքորոշում է ներկայացրել Էրդողանի նկատմամբ, սակայն խոսքին պիտի հաջորդեն փաստերը՝ սկսած Իտալիայի և Եվրոպական Միության՝ ընդդեմ Թուրքիայի ժխտողականության խիստ դիրքորոշումից»,- նշել է պատգամավորը:

Կոնտեն ընդգծել է, որ ապրիլի 24-ը հիշատակի օր է և իր աջակցությունը հայտնել հայ ժողովրդին:

«Ես միանում եմ ձեզ, հայե՛ր, նաև բազմաթիվ այն հայերին, որոնք ապրում են Իտալիայում, ինչպես հայկական համայնքը, որն ապրում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, և հիշատակում եմ սարսափելի ցեղասպանության զոհերին, ցեղասպանություն, որը պիտի ճանաչվի բոլորի կողմից»,- եզրափակել է Ռոզաննա Կոնտեն:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է աշխարհի 3 տասնյակ պետություն: Իտալիայի Պատգամավորների պալատը 2000թ. նոյեմբերի 16-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 2019թ. ապրիլի 10-ին Պատգամավորների պալատը նախաձեռնություն է հեղինակել, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի մի շարք նահանգային և քաղաքային խորհուրդներ։

--00—ՄՀ