ՌԴ-ն առաջարկում է Տիգրան Սարգսյանի ծրագիրը կիրառել արտասահմանյան երկրներում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Ռուսաստանի Դաշնությունն առաջարկում է արտասահմանյան գործընկերներին ծանոթանալ «Ճանապարհորդում եմ առանց քովիդ-19» հեռախոսային հավելվածին, որի շնորհիվ այդ երկիրը համավարակի պայմաններում արդեն բացել է իր դարպասները Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի համար։ Այդ մասին ՌԴ ԱԳՆ-ում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

Վերջինս նշել է՝ հավելվածը պահպանում է մարդու անձնական տվյալների մասին գաղտնիքը, կեղծման ենթակա չէ և կորոնավիրուսային համաճարակի պայմաններում արդեն իսկ հաջողությամբ գործարկվել է ՌԴ-ում, Հայաստանում և Ղրղզստանում։ 

«Ճանապարհորդիր առանց քովիդ-19» հեռախոսային հավելվածը ստեղծվել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների կողմից, որը ղեկավարում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց Սարգսյանի ղեկավարած կառույցի ստեղծած հավելվածի շնորհիվ է, որ Հայաստանի քաղաքացիները գրեթե մեկամյա դադարից հետո կարողանում են անարգել մեկնել Ռուսաստան, եթե, իհարկե, տեղական լաբորատորիաներում ստանում են կորոնավիրուսային վարակի առկայության բացասական պատասխան։

--0--ԿԿ