35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի ծառահատման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

ծառահատում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակչի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը փայտանայութ ձեռք բերելու նպատակով 2020թ. հուլիսի 18-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից վարած «Օպել Աստրա Ա 1.6» մակնիշի ավտոմեքենայով պարբերաբար գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շնողի անտառպետության 4-րդ պահաբաժնում գտնվող «Կաթնաղբյուր» կոչվող հանդամաս, որտեղ բենզասղոցի գործադրմամբ միայնակ ապօրինի հատել է 30 հատ տարբեր տրամագծերի սոճենի տեսակի կանգուն ծառեր, այնուհետև առանց թույլտվության վերոնշյալ ավտոմեքենայով տեղափոխել է այն՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի 1.297.500 ՀՀ դրամի վնաս:

Մինչդատական վարությում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությանն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 

 --00—ՄՀ