ԱՄՆ դեսպանը Սյունիք այցի ընթացքում ընդգծել է հայ-ամերիկյան գործընկերության կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News 

Այս շաբաթ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում էր` տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին հայտնում են դեսպանությունից։

Դեսպանը հանդիպել է նաև ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգմանն ու զարգացմանը:

Ապրիլի 18-ից 22-ը տևած այցի ընթացքում դեսպան Թրեյսին այցելել է Սիսիան, Մեղրի, Կապան և Գորիս համայնքներ, հանդիպումներ անցկացրել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի հետ: Հայ պաշտոնյաների հետ դեսպանը քննարկել էր պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը և ներկայացրել այն աշխատանքները, որոնց միջոցով ԱՄՆ-ը շարունակում է աջակցել մարզի զարգացմանը:

Սիսիանում դեսպան Թրեյսին այցելել է «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամ և հանդիպել «Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհներ» ծրագրի շահառուներին (Հացավան համայնքից)։ Ծրագրի շնորհիվ հացավանցիները ձեռք են բերել դրամահավաք անցկացնելու հմտություններ, որոնց օգնությամբ հավաքագրել են միջոցներ և համայնքի մանուկների համար կառուցել խաղահրապարակ։

Մեղրիում Լին Թրեյսին Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Ֆերմաների սպասարկման կենտրոնում զրուցել է դեսպանության գործընկերների հետ: Կենտրոնն աջակցում է Մեղրիի ֆերմերների ավելի քան կեսին՝ նրանց համար հասանելի դարձնելով որակյալ գյուղատնտեսական պարագաներ ու ծառայություններ:

Դեսպան Թրեյսիի հաջորդ կանգառը Հովսեփյանների չրի արտադրամասն էր, որտեղ նա շփվել է ԱՄՆ ՄԶԳ-ի գործընկեր Հայկուշ Հովսեփյանի և նրա ընտանիքի հետ։ Միջազգային զարգացման գործակալության օգնությամբ Հովսեփյանները զարգացնում են ընտանեկան այգին և արտադրամասը՝ նպաստելով համայնքի եկամտի աճին։ Մեղրի կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է նաև սահմանային անցակետի ղեկավարի հետ և այցելել Սուրբ Հովհաննես եկեղեցի, որի պատմական որմնանկարները վերականգնվել են ԱՄՆ Դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» 500,000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհի միջոցով:

Կապանում դեսպանն առանձնահատուկ ուրախությամբ տեսակցել է Սյունքի մարզում բնակվող ԱՄՆ կրթական ծրագրերի շրջանավարտներին։ Դեսպանն ու երիտասարդները քննարկել են վերջիններիս այցն ԱՄՆ և տրամադրություններն այս դժվարին տարվա ընթացքում։

Այցի ավարտին դեսպան Թրեյսին մեկնել է Գորիս և հանդիպել Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին, համայնքի սոցիալական աշխատողներին և ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին, որոնք աջակցում են այդ ընտանիքներին և պատերազմի հետևանքով տուժած այլ անձանց: Դեսպանը վերահաստատել է հայ ժողովրդին շարունակական օգնություն տրամադրելու ԱՄՆ կառավարության հանձնառությունը:

--00--ԱԹ