Սյունիքում Փաշինյանին թույլ չեն տվել այցելել զոհված զինծառայողների շիրիմներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

հասարակական

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցի մասին տեղեկացել ենք մամուլից, մեզ ոչ ոք չի հայտնել, որ նման այց է նախատեսվում։ Հետո արդեն տեսել ենք, որ Փաշինյանը եկել է Ագարակի զորամաս»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, որն այս պահին գտնվում է Ագարակ համայնքում։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ՝ ապրիլի 20–ին, օրվա երկրորդ կեսին ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Պատերազմից հետո՝  նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Փաշինյանի այցը Սյունիքի մարզ տապալվել էր։ Նա Սիսիանից առաջ չէր շարժվել, քանի որ սյունեցիները Գորիսի մոտ փակել էին մայրուղին։ Այս անգամ Փաշինյանին հաջողվել է այցելել Սյունիք, սակայն բնակիչներն ամենուր նրան դիմավորել են «Նիկո՛լ, դավաճան», «թուրքի շուն» վանկարկումներով ու հայհոյանքներով։ 

Զաքարյանը պատմեց, որ Փաշինյանը ցանկացել է զոհված զինծառայողների շիրիմներին այցելել, սակայն հարազատները ճանապարհը փակել են ու թույլ չեն տվել, որ ոտք դնի այնտեղ։

«Տեսաք, թե ինչպես քաղաքացիները դիմավորեցին Փաշինյանին։ Ժողովրդին հիմա ամենաշատը հետաքրքրում է Ալիևի երեկվա հայտարարությունն ու ակնկալում են արձագանք Հայաստանի ղեկավարությունից։ Այս կապակցությամբ դժգոհություն, բորբոքվածություն կա»,-նշեց նա։

Հարցին, թե հնարավորության դեպքում կցանկանայի՞ք հանդիպել վարչապետին և բնակիչներին հուզող հարցերը բարձրացնել, նա պատասխանեց․ «Չէ, ես իմ տեսակետները բազմիցս ներկայացրել եմ, կրկնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ասելու նոր բան չկա»։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ