Փաշինյանը պատահականության սկզբունքով Շուռնուխում 2 տուն է մտել, համայնքապետին չի հանդիպել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

1

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը երեկ՝ ապրիլի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպել։ Այդ մասին նա հայտնել է 24News-ին՝ հավելելով, որ վարչապետի այցի մասին տեղյակ չի եղել։ 

«Ես չգիտեի, որ գալու է, ու չեմ հանդիպել։ Գիտեմ միայն, որ երկու տուն է այցելել։ Տներն այցելել է պատահականության սկզբունքով, այսինքն՝ դա էլ նախապես որոշված չի եղել, թե ում տուն պետք է մտնի», - փոխանցեց նա։

Հարցին, թե ի՞նչ ընդունելության է արժանացել Փաշինյանը կամ ի՞նչ է զրուցել գյուղացիների հետ, Արշակյանն արձագանքեց. «Ընդունելության մասին ոչինչ ասել չեմ կարող, չգիտեմ։ Միայն այն գիտեմ, որ տներից մեկի բնակիչներին, որ տեղահանվածներ են, ասել է՝ եթե հավաքեին պետության տված օժանդակությունը, կարող էին տուն ձեռք բերել»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ ուշ երեկոյան, չհայտարարված այցով մեկնել է Սյունիք։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ բացի Շուռնուխից՝ Փաշինյանն այցելել է նաև Կապան։ Վարչապետի այցը Սյունիք շարունակվում է։

--00—ԼՄ