Լելե-Թեփեն գրավել ենք, չենք պահել. մի առանձին գումարտակ ոչնչացավ, 400-ից 500 զոհ տվեցինք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Սեպտեմբերի 30-ին հակառակորդը բոլոր ուղղությունների՝ Մատաղիսի, Ջրականի, Մարտունիի, Ակնայի վրա կանգնեցված էր, վերցրած դիրքերը՝ հետ բերված, չնայած մեծ ուժերով հարվածներ էր հասցնում, այնպիսի ուժերով, որոնց մեկ-երկու օրվա մեջ դիմադրելը խոսում է տղաների մոտիվացման, պատրաստվածության մասին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ՌՀՀԿ ղեկավար Վովա Վարտանովը։

«Եթե այդ օրերին երեք-չորս ուղղությամբ հայկական կողմը գրոհ կազմակերպեր, կկանգնեցվեր պատերազմը՝ ներգրավելով դեպի Գանձակ ուղղությունը։ Այնտեղ այնպիսի ուժեր չկային, որ մեզ կարողանային դիմադրել։ Կարճ ասած, եթե հարձակողական գործողություն իրականացվեր, որը կապակայունացներ քաղաքական իրավիճակը, Ադրբեջանի ղեկավարը հնարավոր է գնար խաղաղ պայմանագիր կնքելուն»,-ընդգծել է նա։

Նախկին հետախույզն անդրադարձել է Լալա-Լայկայի (Լելե-Թեփե) գրավման գործողությանը։

Նրա խոսքով՝ նոնսենս է, երբ ասվում է, թե այդ բլուրը գրավելու համար օպերացիա է կազմակերպվել։
 
«Դա եղել է մարտ։ Դրա ընթացքում ունեցել ենք հա՛մ նվաճումներ, հա՛մ կորուստներ։ Ընդհանուր առմամբ, այն ձախողված է համարվում, քանի որ Լալա-Լայկան վերջում մնաց հակառակորդի ձեռքում։ Չհաջողվեց, որովհետեւ մշակված օպերացիա չի կատարվել։ Դրա մի հատված բլուր վերցնել հաջողվել է, բայց շարունակությունը չի եղել»- պարզաբանել է Վարտանովը։

Ճշտող հարցին՝ թե ինչու՞, նա ասել է.«Կարող էր Պաշտպանության բանակի հրամանատարությունը կանգնեցնել կամ Երեւանից հրաման գալ։ Կարող էր նաեւ ռեսուրսները չհերիքեին՝ օպերացիան շարունակելու համար»,- ասել է նա։

Վարտանովը հայտնել է նաեւ, որ բլուրը գրոհելուց զոհերի թիվը եղել է շատ քիչ։ Բայց երբ հակառակորդի հրետանու տակ զորքերը սկսել են հետ քաշվել, եղել է 400-500 զոհ, ոչնչացվել է մի ամբողջ գումարտակ։

Շարունակությունը՝ տեսանյութում։