Նախագահի երկքաղաքացիության փաստը թաքցնելու դեպքով քրգործի հարուցումը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News  

Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ փաստաբանների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից։

Հիշեցնենք, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ հաղորդման, Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը (01.03.2018 — 6 տարի)։

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նախագահի քաղաքացիության մասով հղում է կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տեղեկանքին, որը ՀՀ նախագահի ընտրության գործընթացում ներկայացվել է ՀՀ ԱԺ:

Ներկայացված հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ, որտեղ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։

ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը՝ առանց հաղորդում ներկայացրած անձանցից բացատրություն վերցնելու։ Ավելին, բացատրություն չեն վերցրել նաեւ Նախագահից։ Համենայն դեպս՝ նյութերից չի երևում, որ նախագահը բացատրություն տվել է։

Արա Զոհրաբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։ Արդեն պահանջել են նյութերի պատճենները՝ բողոքն ավելի ամբողջական կազմելու համար։

--00—ՄՀ