Ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին. Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Միրզոյան Մատվիենկո

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն կարեւորեց երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: ԴԽ խոսնակը գոհունակություն հայտնեց երկու խորհրդարանների միջեւ առկա երկխոսության վերաբերյալ եւ վստահություն հայտնեց, որ տարբեր ձեւաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ ավելի կակտիվանա:

Վալենտինա Մատվիենկոն կարևորեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարեւորագույն գրավական է: Նա վերահաստատեց ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց:

Անդրադարձ կատարելով ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը՝ Մատվիենկոն բարձր գնահատեց կազմակերպությունում հայ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգացում ապրել տարբեր ոլորտներում: Նա իր ռուս գործընկերոջը ներկայացրեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարեւորությունը: ԱԺ նախագահը հավելեց, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

Կողմերը քննարկման ընթացքում համաձայնություն ձեռք բերեցին Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին շնորհեց Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարեւորագույն ներդրման համար:

--00--ԱԹ