Մհեր Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՀ և ՀԲ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Մհեր Գրիգորյան

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպումներ է ունեցել ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերի և ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ:

Հանդիպումների ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է երկրում կորոնավիրուսի համավարակից և պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց մեղմման ուղղությամբ Կառավարության ձեռնարկած քայլերը:

ԱՄՀ պաշտոնյաների հետ քննարկվել են «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը: Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է առանձին ոլորտներում Կառավարության կողմից իրականացված բարեփոխումները և վերահաստատել Հայաստանի Կառավարության հանձնառությունը դրանց անխափան իրականացման վերաբերյալ:

Այնուհետև ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ քննարկվել են Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության առաջնահերթությունները:

Փոխվարչապետն ներկայացրել է երկրում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա բարձր է գնահատել ՀԲ խմբի գործընկերների ներդրումը տնտեսության առանցքային ուղղություններին առնչվող բարեփոխումների իրականացման գործընթացում: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացումը՝ որպես երկրի կայուն զարգացման նախադրյալ:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս