Ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի հայտագրման փուլը կմեկնարկի մայիսին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ուսուցիչ

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի հայտագրման փուլը կմեկնարկի 2021 թվականի մայիսից` առցանց եղանակով:Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Կամավոր ատեստավորմանը մասնակից ուսուցիչների թեստավորման գործընթացը տեղի կունենա աշնանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` հայտագրման և թեստավորման հստակ ժամկետները և ընթացակարգերը կհայտարարվեն լրացուցիչ: Կամավոր ատեստավորման գործընթացի ավարտին 80 և ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան աշխատավարձի հավելավճար` իրենց աշխատավարձի 30-50 տոկոսի չափով:

Նախարարի տեղակալի խոսքով` այս տարի կամավոր ատեստավորման համար  դիմելու հնարավորություն կունենան 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Հետագա տարիներին ծրագրում կընդգրկվեն նաև մյուս առարկաների, ինչպես նաև մնացած դասարաններում դասավանդող ուսուցիչները:

Կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս և ավելի միավոր ստացած ուսուցիչները կստանան 50 տոկոս հավելավճար, 80-89 տոկոս միավոր հավաքելու դեպքում  ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա: Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի, նրան կառաջարկվի  պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց:

«Շատ կարևոր է, որ ատեստավորման գործընթացը կամավոր է, որին ուսուցիչները պետք է մասնակցեն իրենց նախաձեռնությամբ: Նրանք պետք է առցանց դիմում-հայտ լրացնեն, մասնակցեն իրենց դասավանդած առարկայի թեստավորմանը և ըստ իրենց հավաքած միավորների՝ հավելավճարի հնարավորություն ստանան»,- նշել է նախարարի տեղակալը` ավելացնելով, որ ծրագրի ներդրմամբ նախարարությունը որևէ ուսուցչի պատժելու նպատակ չի հետապնդում:

«Նպատակը լավ պատրաստված և մասնագիտական զարգացման բարձր մակարդակ ունեցող ուսուցիչներին խրախուսելն է, նրանց հավելյալ վարձատրություն տալը: Փորձնական ատեստավորումը կարող է նաև նպաստել վերապատրաստման ավելի թիրախային ծրագրերի իրականացմանը»,- փաստել է Ժ. Անդրեասյանը:

Պարտադիր ատեստավորումն աշխատավարձի բարձրացում չի ենթադրում, կամավորը ենթադրում է

Անդրադառնալով այն հարցին, թե որոնք են կամավոր և հերթական պարտադիր ատեստավորման տարբերությունները, նախարարի տեղակալը նշում է, որ կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին զուգահեռ՝ շարունակվելու է ուսուցիչների պարտադիր ատեստավորումը, որը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Ըստ այդմ` զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացվում է հերթական ատեստավորում, որը պարտադիր է հանրակրթական դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչների համար: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` վերանայվել է ուսուցիչների պարտադիր ատեստավորման համակարգը`  դարձնելով ավելի բաց և մասնակցային, սակայն այն սկզբունքորեն տարբերվում է կամավոր ատեստավորումից: Հերթական կամ պարտադիր ատեստավորումն իրականացվում է որոշակի փաստաթղթեր ներկայացնելու միջոցով` ավտոմատ կերպով. հերթական ատեստավորման համար ուսուցիչը ներկայացնում է փաստաթղթեր, որ անցել է վերապատրաստում, հանդիսանում է որևէ դպրոցում աշխատող ուսուցիչ, ունի համապատասխան մասնագիտական որակավորում և այլն: Այսինքն` հերթական պարտադիր ատեստավորումը մասնագիտական գիտելիքների ստուգման որևէ ձևաչափ չի ենթադրում: Պարտադիր ատեստավորման արդյունքում որոշվում է ուսուցչի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, աշխատավարձի բարձրացում, հավելավճարների տրամադրում չեն նախատեսվում:

Կամավոր ատեստավորման ժամանակ ուսուցիչները սեփական նախաձեռնությամբ անցնում են թեստավորում` մասնագիտական առարկայական գիտելիքներ ստուգելու նպատակով, և ըստ իրենց գրանցած արդյունքի` ստանում 30-50 տոկոս հավելավճար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի տեղեկացմամբ` ուսուցչի կամավոր ատեստավորման թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` համապատասխան առարկայի ծրագրային նյութերի շրջանակում: 

Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ` թեստեր կազմելու գործընթացում ներգրավված են բարձրագույն ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցչական համակազմի ներկայացուցիչներ:

«Ուսուցչի կամավոր ատեստավորման թեստերը շտեմարանային չեն և զգալիորեն տարբերվում են շրջանավարտների և դիմորդների համար նախատեսված թեստերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ փորձնական ծրագրի հիմնական նպատակը մի կողմից բարձր մասնագիտական պատրաստությամբ մանկավարժների համար ավելի բարձր վարձատրության ապահովումն է, մյուս կողմից` իրավիճակի ախտորոշումը: Նախարարի տեղակալի կանխատեսմամբ` առաջին փուլում շատ ուսուցիչներ թերևս կխուսափեն և մասնագիտական գիտելիքների ստուգման քայլին գնալու համարձակություն չեն ցուցաբերի: Սակայն հետագայում, երբ արդեն մեկ անգամ թեստավորում տեղի ունենա, և որոշակի փորձ ձևավորվի, Ժաննա Անդրեասյանը չի բացառում, որ շատերը կգնան թեստավորման:

Կամավոր ատեստավորման ծրագրի փորձարկման արդյունքների վերլուծությունից հետո, ըստ Ժ. Անդրեասյանի, հնարավոր է, որ մասնագիտական գիտելիքների թեստավորման եղանակը՝ որպես ատեստավորման ձև, դառնա պարտադիր և կիրառվի ողջ համակարգի համար` միասնական ձևաչափով, որպես հիմք ուսուցչի մասնագիտական ստանդարտի որոշման համար:

Տեսանյութեր

Live

Լրահոս