Ծանրամարտիկի մասնակցությամբ վթարի հետևանքով քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Սիմոն Մարտիրոսյան

2021թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչն իր անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի՝ 1993թ․ծնված  բնակչին՝ անզգուշությամբ պատճառելով մահ։  

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Արմավիրի մարզի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլի» մոտ, տեղի է ունեցել մահացու վրաերթ։ Վարորդը ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն է եղել, որը նոր էր վերադարձել Եվրոպայի առաջնությունից, որտեղից նա փոքր ոսկի էր բերել։ 

Վրաերթից հետո Սիմոն Մարտիրոսյանը չի լքել դեպքի վայրը, զանգել է շտապօգնություն և ոստիկանություն, ապա օգնել, որպեսզի վրաերթի ենթարկվածին հոսպիտալացնեն։

--00—ՄՀ