ՊԵԿ-ն օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ է մշակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

նկար

Պետական եկամուտների կոմիտեն օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ է մշակել: Օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, հարկային կամավոր կարգապահությունը խրախուսելու, ինչպես նաև հարկային մարմին - հարկ վճարող գործընկերային հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով առաջարկվող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից:

Մինչ խրախուսման նոր համակարգի ներդրումը կոմիտեն շարունակում է գործող կարգի համաձայն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրեր շնորհել հարկ վճարողներին: 2021 թ. առաջին եռամսյակում հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 88 տնտեսվարող, 66 դիմում բավարարվել է: 

Ամփոփելով 2020 թ.` կոմիտեն հայտնում է, որ նախորդ տարվա ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 257 հարկ վճարող, որոնցից 140-ի դիմումները բավարարվել են։

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում գործող հարկ վճարողներին, որոնք հաշվետու ժամանակահատվածի կեսից ավելի ժամանակահատվածի համար հայտարարագրել են 0-ից մեծ իրացման շրջանառության գումար։ 

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման և օրինապահ հարկ վճարողներին հավաստագրերի տրամադրման կարգը, ինչպես նաև 2017 թ.-ից ի վեր օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում (www.petekamutner.am)` հարկային ծառայության «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն hարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի  «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:   

Ավելին` https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7895։

--00—ԼՄ