Մենք պարտք ունենք մեր 5 հազար եղբայրներին՝ մեկիկ մեկիկ․ Վահագն Վարագյան

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 10,  24News 

Վարագյան

Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Դաժան ու դավաճանված պատերազմը մեզնից շատ բան խլեց՝ մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր պետականությունը և մեր հազարավոր եղբայրների կյանքերը։

Թվարկածս ամեն կորուստ մի առանձին պատմություն է ու առանձին ցավ, սակայն այսօր ուզում եմ անդրադառնալ վերջին և ըստ իս՝ մեծագույն կորստին։

Վերջին ամիսներին գրեթե ամեն օր խոսվում է զոհերի թվի մասին։ Հնչում են տարբեր թվեր՝ 3 հազար, 4 հազար, 5 հազար...... ու այս թվերի մեջ կորում է հարցի իրական էությունը, ողբերգության իրական պատմությունը։ Այս թվերը գրելով ու արտասանելով՝ տպավորություն է ստեղծվում, որ մենք խոսում ենք ինչ-որ վերացական, չերևացող երևույթի մասին։

Հետո, երբ դուրս ես գալիս թվերի ու վիճակագրության աշխարհից ու սկսում ամեն օր շփվել մեր զոհված ընկերների ընտանիքների հետ, սկսում ես ավելի խորությամբ զգալ ցավը, ապրել էդ ցավը ուղեղիդ ու հոգուդ ամեն կետով ու բջիջով։

Սկսում ես կորուստը ընկալել հատիկ առ հատիկ, պատմություն առ պատմություն։ Սկսում ես հասկանալ, որ այս 3,4,5 հազարը մեկ թիվ չէ, մեկ ամբողջություն չէ, այլ 5000×1 կյանք, երազանք, ժպիտ, չասված խոսքեր, չծնված ու չապրած սերունդներ։ Ու վերջապես 5000×1 պարտք....

Մենք պարտք ունենք մեր 5 հազար եղբայրներին՝ մեկիկ մեկիկ։ Մենք մեր 5 հազար եղբայրներին պարտք ենք երազանքներ, մենք մեր 5 հազար եղբայրների ընտանիքներին պարտք ենք գոնե ֆիզիկական և սոցիալական անվտանգություն ու բարեկեցություն, մենք մեր 5 հազար եղբայրներին պարտք ենք հայրենիք։

Հայրենի հողը պարարտացել է 5 հազար տղերքի արյամբ։ Այս հողի ամեն կտորը ավելի շատ արյունով է ոռոգված, քան՝ ջրով։ Ու մենք՝ ապրողներս, պիտի գիտակցենք հայրենիքի ամեն սանտիմետրի, ամեն զինվորի շիրիմի առաջ ունեցած մեր պարտքը ու ապրենք՝ հանուն այս պարտքի։ Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը:

--00—ՄՀ