Փաշինյանի ազգակցական «աստղաբույլը»․ ովքե՞ր են իշխանափոխությունից հետո պաշտոններ ստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Այսօր Տավուշի մարզպետի պաշտոնում նշանակվեց Հայկ Ղալումյանը, որը մինչ այդ Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Մինչև 2019 թ-ը զբաղեցնում էր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» «Իջևան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։

2019 թ-ից կառավարության որոշմամբ դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդավայրի ժամանակավոր ղեկավար։ Ի դեպ, Իջևանում արդեն 2 տարի է, ինչ համայնքապետի ընտրություններ տեղի չեն ունենում։ Ղալումյանը հայտնի է նաև նրանով, որ Փաշինյանի ընտանիքի կնքահայրն է։

Դեռ 2018թ-ին Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, թե իրենց կառավարությունում խնամի, ծանոթ բարեկամ սկզբունքը չի գործում, սակայն այս հայտարարությունները կարծես թե այդպես էլ մնացին իբրև հայտարարություններ՝ հաշվի առնելով այն կադրային քաղաքականությունը, որը վարում է գործադիրի ղեկավարը։ 

Եվ այսպես, վարչապետի քավոր Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Վահե Ղալումյանը, նույնպես առանց պաշտոնի չի մնացել։ Մինչև 2018թ-ի քաղաքական փոփոխությունները նա Իջևանի ավագանու անդամ էր, արդեն 2019 թ-ին նշանակվեց Տավուշի մարզպետ, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո «Իմ քայլի» ցուցակով ընտրվեց պատգամավոր։ 

Իշխանական խմբակցությունում են նաև Փաշինյանի այլ ազգականները՝ աներորդի Հրաչյա Հակոբյանը և եղբորորդի Սիփան Փաշինյանը։ 

Հրաչյա Հակոբյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Մինչ քաղաքական դաշտում հայտնվելը՝ այսինքն, Փաշինյանի իշխանության գալը, Հրաչյա Հակոբյանն իր մասնագիտությամբ էր աշխատում։ Սիփան Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթում տնօրենի օգնական էր, ապա ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ։

Իշխանական խմբակցությունում են ընդգրկված նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին լրագրողներ Վահագն Հովակիմյանը, Հայկ Գևորգյանն ու Վահագն Թևոսյանը։ Ի դեպ, Թևոսյանը վերջերս ընտրվեց ՀՌԱՀ անդամ և վայր դրեց պատգամավորական մանդատը։ 

Փաշինյանը չի մոռացել նաև իր սանիկներին մասին։

Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը Փաշինյանը նվիրել է իր սանիկներից մեկին՝ Նարեկ Գրիգորյանին, ով մարզպետարանում է հայտնվել միայն 2018թ-ի իշխանափոխությունից հետո։ Մինչ այդ նա «Վիվառո Գեյմ»-ում մենեջեր էր։

Իսկ Փաշինյանի մյուս սանիկը՝ Հակոբ Սիմիդյանը, «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է։ Մինչ հեղափոխությունը նա պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականն էր։

Ազգակցական այս «աստղաբույլն» ավարտվում է Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսահարդար Սոֆյա Նավասարդյանին՝ վարչապետի օգնականի պաշտոնում նշանակմամբ։

Այս ընթացքում Հակոբյանի վարսահարդարը հասցրել է աշխատել նաև վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնում։ Կառավարությունում իր 1 տարվա գործունեության ընթացքում նա 3 անգամ մեկնել է գործուղման, որի համար պետական բյուջեից հատկացվել է 5 մլն դրամից ավելի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս