Ղարաբաղյան խնդիրը որոշակիորեն լուծված է․ փորձենք հարաբերություններ ձևավորել հարևանների հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Մենք թուրքերի հետ բարեկամություն անել չենք առաջարկում, այլ հարաբերություններ հաստատել։ Այս ընթացքում, եթե հաջողվի այնպիսի հարաբերություններ ձևավորել, որ հայ-թուրքական սահմանը բացվի և որպես նորմալ հարևաններ ապրենք նույն տարածաշրջանում, լավ, եթե ոչ՝ այլ հարց է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը մտադիր չէ հրաժարվել Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունից, բայց, իր ձևակերպմամբ, մենք չենք կարող զարգանալ փակված երկրում։

«Թուրքիան երբևիցե Ցեղասպանությունը որպես նախապայման չի դրել։ Սահմանները փակելու հարցում միակ նախապայմանը եղել է Ղարաբաղյան խնդիրը»,- ասել է նա։ 

Հարցին, թե արդյո՞ք հիմա ընդունում ենք, որ Ղարաբաղյան հիմնահարցը լուծված է և գնում ենք Թուրքիայի հետ հարաբերություների կարգավորման, իմքայլական պատգամավորն ասել է՝ «որոշակի առումով՝ այո»։  

«Արցախի հարցը 100 տոկոսով լուծված չէ։ Դեռ կա անկախության, ինքնորոշման հարց, բայց պրոցեսն արդեն առաջ է գնացել։ Խոսում ենք տարածաշրջանի ապաշրջափակման մասին, այսինքն՝ որոշակի գործողություններ արդեն իրականացվել են, և մենք սրան զուգահեռ պետք է փորձենք հարաբերություններ ձևավորել այլ հարևանների հետ»,- ընդգծել է Զեյնալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։