Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և ՀՀ-ին. 4 մլն դրամ է պահանջում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

քոչ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը: Հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին, մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգում։

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառը 2021-ի մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի թույլ տված արտահայտություններն են:

«Արտահայտություններ են թույլ տրվել, որից կարելի է ենթադրել, որ նկատի ունի պարոն Քոչարյանին»,- ասել է Ալումյանը, և հարցին՝ կոնկրետ ի՞նչ արտահայտությունների մասին է խոսքը,  պատասխանել է, որ վարչապետի ելույթում կան արտահայտություններ, որոնք այդ պահին քննվող քրեական գործի վրա են հղում արվում:

Քոչարյանը պահանջում է հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատել, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը հատուցել, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքել եւ զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել:  

«Պահանջում ենք ճանաչել իր անմեղության կանխավարկածը, պահանջում ենք նաեւ զրպարտության հետ կապված հերքում: Նկատի ունենալով, որ միաժամանակ 2 տարբեր խախտումներ են թույլ տրվել 2-ական մլն դրամ ենք պահանջում: Ընդհանուր առմամբ՝ 4 մլն դրամ»,- ասել է հայցվորի ներկայացուցիչը:

Հարցին՝ ինչո՞ւ է Քոչարյանը դատի տվել նաեւ Հայաստանի Հանրապետությանը, նրա ներկայացուցիչը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ է հանդես եկել եւ իր ելույթը տեղադրված է եղել պաշտոնական կայքերում՝ վարչապետի կայքում. «Այսինքն այստեղ ոչ միայն մասնավոր անձի կողմից տարածված տեղեկություններ են, այլ նաեւ ՀՀ պաշտոնական էջերում են տեղադրվել: Մենք գտել ենք, որ այս դեպքում ոչ միայն վարչապետն է պատասխանատու, այլեւ ՀՀ-ն, որի անունից նա հանդես է գալիս: Այսինքն՝ անմեղության կանխավարկածը կարող է խախտել ՀՀ-ն կամ ՀՀ անունից գործող որեւէ անձ»:

Նշենք, որ սա արդեն Ռոբերտ Քոչարյանի 3-րդ հայցն է ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ