Arcakh24.info-ի խմբագրին սպառնում են. Արցախի ՄԻՊ-ը զբաղվում է ահազանգով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Արցախ ինֆո

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Մարատ Եգանյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից: 

«2021թ. ապրիլի 04-ին arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հրապարակմամբ, որում տեղեկացնում է, որ ԱՀ ԱԺ պատգամավորի մերձավորի  կողմից իր և իր ընտանիքի հասցեին հնչեցվել են սպառնալիքներ և հայհոյանքներ, որից հետո ինքը դիմել է ԱՀ ոստիկանություն, սակայն նույնիսկ իրավապահ մարմիններին դիմելուց հետո տվյալ անձը շարունակում է անհանգստացնել իրեն և իր ընտանիքի անդամներին:

Հաշվի առնելով, որ ըստ հրապարակման մեջ ներկայացված փաստերի, ԱՀ ոստիկանության կամ ԱՀ ոստիկանության առանձին աշխատակիցների գործողությունները (անգործությունը) ենթադրաբար հանգեցրել են մարդու սահմանադրական իրավունքների առերևույթ խախտումների և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 15-րդ հոդվածով և 19-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկում arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ»,- հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից:

--00--ԱԹ