3 մարզերում քաղաքացիները ինքնակամ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

«Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական արդյունքն արձանագրել են ոստիկանության Կոտայքի, Գորիսի և Մարտունու բաժնի ծառայողները։

Կոտայքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ դիմել է Բյուրեղավանի բաժանմունք ու հայտնել, որ Ջրաբեր գյուղից Ֆանտան գյուղ տանող ճանապարհից հրազեն է գտել։ Նշված տարածքում Կոտայքի ոստիկանները հայտնաբերել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 27 փամփուշտով։

Ապրիլի 2-ին ոստիկանության Գորիսի բաժին զանգած տղամարդը հայտնել է, որ Խնձորեսկ գյուղի սկզբնամասում պարկով զենք-զինամթերք է թողել։ Նրա նշած վայրում Գորիսի ոստիկանները հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփ և 7,62 մմ տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։

Արդյունավետ էր նաև Մարտունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. քաղաքի մի բնակիչ բաժին էր բերել առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 7,62 մմ տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ։

Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։ 

--00—ԼՄ