Ճրագալույցի Պատարագ Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

․

Այսօր՝ ապրիլի 3-ին, Գեղարքունյաց թեմի Գավառի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, նախագահությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի և աղոթակցությամբ Գավառի հոգևոր հովիվ Տ. Նշան քհն. Սարգսյանի, մատուցվել է Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ, որով սկսվել է զատկական տոնակատարությունը:

Սուրբ պատարագին մասնակցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը` տիկնոջ հետ միասին, ուժային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ, հոգևորականներ, հավատավոր ժողովուրդ:

Պատարագի ընթացքում Գավառի հոգևոր հովիվ Տ. Նշան քհն. Սարգսյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է հարության տոնի խորհրդին:

«Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով:

Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ:

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը»:
Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ Տ. Նշան քհն. Սարգսյանը շնորհավորել է բոլորին:

«Մեր աղոթքն ենք հնչեցնում բոլոր այն հայորդիների համար՝ ովքեր իրենց արյան գնով վերստին սրբացրին Հայոց հողը,մեր աղոթքներն ենք հնչեցնում բոլոր հերոսածին ծնողների համար, այս պահին մեր սահմանները պահող զինվորների համար: Մեր աղոթքով խնդրում ենք մեր Տիրոջը, որպեսզի հայրենիք վերադարձնի գերության մեջ գտնվող մեր տղաներին, Աստծուց նաև խնդրում ենք շուտափույթ ապաքինում տա մեր վիրավոր զինծառայողների մարմիններին»,- նշել է քահանան:

Տ. Նշան քհն. Սարգսյանն այնուհետև ընթերցել է Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբ պատգամը՝ Հարության տոնի առթիվ: Հայ առաքելական եկեղեցիներում Ճրագալույցի պատարագին կհաջորդի Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Պատարագը, որը տեղի կունենա ապրիլի 4-ին:

--00--ԱՀ