Ադրբեջանի ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ չի դադարել և ոչ մի օր․ ԵԿՄ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ԵԿՄ

Պատմությունը ցույց է տալիս, որ հայրենի հողում ապրելու, մեր ստեղծածն ու արարածը ամուր պահելու համար մեր ամեն սերունդ դատապարտված է գտնվել անընդհատ պայքարի մեջ:

Այս մասին ասված է Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ Երկրապահ կամավորականների միության վարչության հրապարակած հաղորդագրությունում։

Այն ներկայացնում ենք ստորև.

«Պայքարի ուղին շատ ծանր ու դաժան է, եւ մենք միշտ ապացուցել ենք, որ հերոսաբար պաշտպանում ենք մեր հայրենիքն ու բազում հայորդիների կյանքի գնով ձեռք բերած անկախությունը:

2016 թվականի ապրիլյան այս օրերին Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ: Առավել թեժ մարտեր ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային եւ հյուսիսարեւելյան ուղղություններում։ Պատերազմում անդառնալի կորուստներից խուսափելն անհնար է:

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվեցին տասնյակ զինծառայողներ, կամավորներ, խաղաղ բնակիչներ:

Փա՛ռք ու պատիվ նահատակված քաջերին:

Ադրբեջանի ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ չի դադարել եւ ոչ մի օր: Այդ երկրի ղեկավարությունը բացահայտ ցույց է տվել եւ այսօր էլ ցույց է տալիս իր զավթողական քաղաքականությունը:

2020թ. աշնանը իր բարեկամ երկրների միջազգային ահաբեկիչների օգնությամբ, նաեւ միջազգային կոնվեցիաներով արգելված զինատեսակներ օգտագործելով՝ կրկին փորձեց հայաթափման ծրագիր իրականացնել: Սակայն մեր թշնամիները դարերի ընթացքում պետք է հասկացած լինեին, որ մենք հայրենատեր, պայքարող ազգ ենք, մենք երբեք չենք ծնկի՝ մենք հավերժ ենք մեր լեռների պես:

Մեր պատմության ընթացքում միշտ էլ վայրէջքներ ունեցել ենք, բայց դրանց հաջորդել են վերելքները՝ մեր հավաքական կամքի, մեր միասնության շնորհիվ:

Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, կամավորներին,
Փա՛ռք հերոսածին մայրերին, մեր խոնարհումը որդեկորույս ընտանիքներին,
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, Արցախ աշխարհին,
Փա՛ռք հայ ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Երկրապահները հավատարիմ առաքելությանը ծառայել, ծառայում եւ ծառայելու են հանուն մեր Անկախ պետության, մեր ամուր պետականության պահպանման:

Ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը. «Եթե մենք միասնական ենք, պիտի զգուշանանք...մեր ցանկություններից, քանզի նրանք իրականանում են...»: Եվ, այո՛, մենք պետք է միասնական լինենք, որպեսզի կարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին, որպեսզի պատմությունն այլեւս չկրկնվի, եւ մենք վերջապես ապրենք խաղաղ ու ապահով»:

 --00—ՄՀ