ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները անդրադարձել են բարձր մակարդակով շփումների առաջիկա ժամանակացույցին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

Լավրով-Այվազյան

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ապրիլի 1-ին հանդիպում ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: 

Կայացած առանձնազրույցի ընթացքում արտգործնախարարները դիտարկեցին ԼՂ հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է նաև հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև հունվարի 11-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքն ու առկա զարգացումները: Այս համատեքստում նախարար Այվազյանը շեշտեց ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կապտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը: 

Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը: 

Արտգործնախարարները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-ռուսական դաշնակցային համագործակցության երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, բարձր մակարդակով շփումների առաջիկա ժամանակացույցին: 

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին բազմակողմ ձևաչափում փոխգործակցության շուրջ:

--00--ԱՀ