Պետբյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

ՊԵԿ

2021թ. առաջին եռամսյակում պետբյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 332.9 մլրդ դրամ, մինչդեռ ՀՀ կառավարության որոշմամբ` առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ:

Այսինքն` սահմանված ցուցանիշը գերակատարվել է 27.9 մլրդ դրամով: Սակայն հաշվի առնելով, որ 332.9 մլրդ դրամի մեջ ներառված են նաև դրոշմանիշային վճարների գծով մուտքերը (5.6 մլրդ դրամ), և հետագայում առաջին եռամսյակի պլանի նախատեսվող ճշտման հնարավոր չափը կկազմի 310.6 մլրդ դրամ` հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կկազմի 22.3 մլրդ դրամ:

Նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ 2021թ. մարտին 8 մլն 647 հազարով ավելի շատ գործարք է կատարվել ՀԴՄ կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով, որի գումարային արտահայտության տարբերությունն անցյալ տարվա նկատմամբ կազմում է 122 մլրդ դրամ:

Եռամսյակային կտրվածքով` իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116.8 մլրդ դրամ, գործարքների քանակով` 6 մլն 200 հազար հատ:

Փաստացի, առևտրաշրջանառության ծավալն առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է ավելի քան 8%-ով:

--00--ԱԹ