Թուրքիան 4 կետով ԱՄՆ-ին է փոխանցել Հայոց ցեղասպանության մասին իր վերապահումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

թուրք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսափող համարվող թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ  անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից: Այս թեմային անդրադարձել է Ermenihaber-ը:

«Թուրքիայում լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է ապրիլի 24-ին կիրառի Հայոց ցեղասպանություն արտահայտությունը:

Ըստ թուրքական կայքի՝ նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները:

Քալընի պնդմամբ՝ կատարվածը ցեղասպանություն կոչելու համար իրավական հիմք չկա. դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում, որպիսիք եղել են Ռուանդայի և Սրեբրենիցայի դեպքում:

Նա երկրորդ կետով Սալիվանին հիշեցրել է, որ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1948թ` ակնարկելով, որ այդ տերմինն ամրագրած ՄԱԿ-ի կոնվենցիան չի կարող հետադարձ ուժ ունենալ:

Թուրքիայի մյուս մտավախությունը ներկայացնելիս՝ Էրդողանի խոսնակը շեշտել է, որ Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:

ԱՄՆ-ին այդ քայլից ետ պահելու համար Թուրքիան վերջին հույսի փրփուրներից է կառչում: Կայքի փոխանցմամբ, Քալընը հայտնելով, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում,  հետևյալ ուղերձն է փոխանցել. «Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Ասում ենք. «եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք մենք էլ անգամ դարպասները կբացենք»: Նման մի ժամանակահատվածում, եթե դուք ցեղասպանություն բառը կիրառեք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում» »,- հայտնում է կայքը: 

--00--ԱԹ