Հնարավո՞ր է Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ․ պարզաբանում է ՀՀ նախագահը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

գերիներ
Իլյա Դորոնով- Իրավիճակը, որը կար այս 30 տարիների ընթացքում, երբ Սփյուռքն ուղղակի գումարներ էր ուղարկում Հայաստան, ըստ էության, որևէ լավ բանի չի հանգեցրել։ Պե՞տք է արդյոք հիմա փոխվի Սփյուռքի դերը։

- Անշուշտ, պետք է փոխվի։ Եվ այստեղ անդրադառնամ Ձեր նախորդ հարցին՝ ո՞ւր ենք մենք գնում: Հայաստանի առաքելությունը պետք է հստակորեն ուղղված լինի դեպի ապագա, դեպի լավ, ուժեղ ապագա։ Այս իմաստով Սփյուռքն ունի մեծ դեր։ Այս իրավիճակում ես կարող եմ այն պայմանական բաժանել երկու սփյուռքների, մեկը ռուսական սփյուռքն է, որն ամենամեծն ու մոտն է, և մյուսը՝ ընդհանրապես համաշխարհային սփյուռքը։

Մենք պետք է Սփյուռքի և Հայաստանի միջև եղած բոլոր բեռլինյան պատերը քանդենք, որ ցանկացած մարդ, որն իր հայրենիքին կամ իր նախնիների հայրենիքին ծառայելու ցանկություն ունի, կարողանա գալ այստեղ և սկսի աշխատել։ Եթե նա նախարարի հիանալի թեկնածու է, ապա՝ խնդրեմ։ Անշուշտ, կան շատ տեխնիկական հարցեր, անվտանգության հարց, սակայն բոլոր հարցերը հնարավոր է լուծել։

Իլյա Դորոնով- Ի վիճակի է արդյո՞ք Հայաստանն, ըստ էության, դառնալ ինքնաբավ։

- Ինքնաբավ ասվածը պայմանական է։ Այս աշխարհում ամեն ինչ հարաբերական է։ Ես հարաբերականության տեսության մասնագետ եմ։ Ոչ ոք ինքնաբավ չէ, այսինքն, դա բոլորովին այլ թեմա է: Այս աշխարհում, որում ամեն ինչ փոխկապակցված, արագ է, ամբողջությամբ անկախ լինելն ընդհանրապես անհնար է։ Այս աշխարհում որոշակի հարցեր Հայաստանը պետք է ինքը լուծի։

Իլյա Դորոնով- Ստացվում է, որ հիմա Հայաստանի հասարակությունը, մարդիկ ընտրության հնարավորություն ունեն սևերի և սպիտակների միջև, ինչպես Դուք եք ասում։ Հնարավո՞ր է ակնկալել, որ Հայաստանում կհայտնվեն, ինչպես նշեցիք, եռագույններ, և մարդիկ ստիպված չեն լինի ընտրություն կատարել նորերի, որոնցից շատերը հիասթափվել են, և հների միջև, որոնց շատերը չեն ցանկանում, որ գան իշխանության։

- Պատասխանը պետք է իմ կողմից լինի դրական։

Իլյա Դորոնով- Կա՞ն արդյոք ներսում այդպիսի ուժերը: Փորձեմ կոնկրետացնել հարցը՝ Դուք, որպես նախագահ, պատրա՞ստ եք նման շարժում ստեղծել։

- Նախ և առաջ, Դուք կրկին շոշափեցիք թեմա, որի պատասխանը շատ պարզ է։ Որպես նախագահ՝ ես չեմ կարող նման շարժում ստեղծել...

Իլյա Դորոնով- Այո, դրա համար պետք է հեռանալ պաշտոնից...

Երկրորդ՝ ցանկացած երկրում, ցանկացած ազգի մեջ միշտ լինում են մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում։ Չի կարելի ամբողջ ազգին բաժանել սևերի և սպիտակների, եթե նույնիսկ նրանցից մեկն ունի հիանալի գաղափարներ և ներկայացնում է աշխարհում ամենալավ բանը։ Մարդիկ միշտ փնտրում եմ ինչ-որ ուրիշ բան, ինչն անկրկնելի է և մեզ զարգանալու ուրիշ հնարավորություններ է տալիս կամ հանգեցնում է խնդիրների լուծման։ Ես բացարձակապես վստահ եմ, որ որոշակի ժամանակ անց Հայաստանը կդառնա բազմագույն։ Թե ինչքան ժամանակ կպահանջվի, չեմ կարող նշել։

Իլյա Դորոնով- Եվս մեկ ցավոտ հարց։ Դուք ասացիք, որ հնարավոր չէ ամեն անգամ ձախողումները վերագրել հարևանին։ Ի՞նչ եք կարծում, պատերազմից հետո հնարավո՞ր է նորմալ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ։ Հնարավո՞ր է դրանք կառուցել, անհրաժե՞շտ է։

- Ձեր հարցի պատասխանը՝ տեսականորեն, սկզբունքորեն ինչ-որ մի օր, հավանաբար, հնարավոր է: Բայց ե՞րբ, քանի՞ տարի անց, չգիտեմ, չեմ կարող պատասխանել, որովհետև Հայաստանի համար շատ ցավոտ է, ինչպես ադրբեջանցիների համար էր ցավոտ 1994-ին, 1995-ին, 1996-ին։ Սակայն հարաբերությունների կարգավորման կամ ինչ-որ ծրագրերի մասին խոսելուց առաջ կան այսօրվա շատ ցավոտ հարցեր, որոնք պետք է լուծել։ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ։ Հայաստանում կամ Ղարաբաղում ադրբեջանցի ռազմագերիներ չկան։

Նրանք ընտանիքներ են, մարդիկ են, երեխաներ են, ծնողներ են... Սա շատ ցավոտ է Հայաստանում։ Եթե այս ամենին նայենք միջազգային օրենքի տեսանկյունից՝ սա սխալ է: Մինչև տարբեր բաների մասին խոսելը, կարծում եմ, շատ ճիշտ կլիներ, որ այս պահին Ադրբեջանը վերադարձներ բոլոր ռազմագերիներին՝ ցույց տալով որոշակի վերաբերմունք՝ հումանիտար և մարդկային։

Բացի ռազմագերիների հարցերից, կան նաև հարցեր՝ կապված այն մարդկանց հետ, որոնք անհետ կորած են։ Անհետ կորածների ծնողների հետ ես հանդիպել եմ, դա շատ ծանր է։ Երբ մարդիկ կորցնում են իրենց երեխային կամ ծնողին, ցավոտ է։ Սակայն երբ մարդիկ ամեն օր ապրում եմ անորոշության մեջ, երբ մարդն անհետ կորած է համարվում, նրանց հարազատները հույս ունեն, որ, ամեն դեպքում, կենդանի են։ Այս թիվը ևս փոքր չէ, և շատ հարցերի պատասխաներ գտնվում են սահմանի մյուս կողմում։ Ադրբեջանը կարող է օգնել այդ ընտանիքներին՝ տրամադրելով տեղեկություններ կամ այն մարդկանց մարմինները, ովքեր զոհվել են։
Անհետ կորածների հարցը ևս մեկ վերք է։ Հայացքը դեպի ապագա ոչ միայն խնդիրների հաղթահարման, այլև երկխոսության կառուցման ճանապարհներից մեկն է։

Իլյա Դորոնով- Իսկ այն, որ Հայաստանը նույնիսկ պատերազմի ժամանակ չճանաչեց Ղարաբաղը, դա սխա՞լ էր։

- Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։

Իլյա Դորոնով- Այդ դեպքում կտամ վերջին հարցը։ Ինչպե՞ս պատերազմը փոխեց հայ հասարակությանը։

- Մենք դեռևս անցնում ենք այդ գործընթացի միջով։ Չեմ կարող ասել, թե ինչպես է նա փոխվել, սակայն դեռ փոխվում է։ Մարդկանց տարբեր խմբեր տարբեր կերպ են փոխվում։ Սակայն, որպես հասարակություն, մարդիկ, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Ղարաբաղում, փոխվել են, կամ նրանք, ովքեր ապրում են Հայաստանից դուրս։ Չեմ կարող այսօր դատողություն անել, բայց այն, որ մենք, որպես ազգ, արդեն չենք լինի այնպիսին, ինչպիսին վեց-յոթ ամիս առաջ էինք, փաստ է։ Ես ցանկանում եմ հավատալ, որ մենք ավելի ուժեղ կդառնանք:

Իլյա Դորոնով- Շատ շնորհակալություն։

- Ձեզ եմ շնորհակալ:

--00—ՄՀ