Կարծում են՝ Թուրքիային շողոքորթելով կշահեն․ ՀՀ և ԼՂ-ի շրջափակում կլինի «ապաշրջափակման» տակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

ԱԽ քարտուղարն ավելի լավ է` փորձի իր պարտականությունները կատարել մեր երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ և մինչ պատերազմը անվտանգային համակարգի պայմաններ ստեղծելով, և պատերազմի ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` արձագանքելով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի տեսակետին, թե պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ մեր մոտեցումներում: 

«Անվտանգության խորհուրդն այն վայրն է, որտեղ ռազմաքաղաքական իրավիճակի ճիշտ եզրակացություններ են կազմվում, ճիշտ որոշումներ ընդունվում`պատերազմը շարունակել կամ կանգնեցնել, բանակցությունները շարունակել, նաև դրանից հետո եկող խնդիրների ժամանակ, երբ սահմանային լարվածություն ու հայտարարությունների խախտումներ են: Իրենց թվում է` Թուրքիային շողոքորթելու դեպքում նրանք ընդառաջ են գալու: Թուրքերն իրենց նպատակն ունեն, Մեծ Թուրանի նպատակ ունեն, մեր իշխանությունները դեռ չեն հասկանում, որ այդ ապաշրջափակում ասվածի տակ ՀՀ և Արցախի խորը շրջափակում է լինելու»,- ասաց նա:

--0--ԿԿ