ՍԴ ընդունած որոշումների քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ՍԴ

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ որոշման հրապարակումից հետո բազմաթիվ հարցեր եմ ստանում Սահմանադրական դատարանի առանձին դատավորների հայտնած դիրքորոշման կամ առհասարակ քվեարկության արդյունքներով ձայների համամասնության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

«Այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը․ Սահմանադրական դատարանի քննած գործով ընդունված որոշման կամ եզրակացության քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն։ Իսկ եթե անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն, ապա տրամաբանորեն անհնար է նաև այնպիսի տվյալների հրապարակումը, որոնք այս կամ այն կերպ կարող են հանգեցնել քվեարկության անվանական արդյունքների բացահայտմանը։ 

Այսպիսով, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ դատավորների ձայների համամասնության շուրջ որևէ ենթադրություն Սահմանադրական դատարանի կողմից հաստատվել կամ հերքվել չի կարող։

Հ․Գ․ Հայաստանի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածում կարող եք գտնել վերոնշյալի իրավական սահմանումը»։

--00—ՄՀ