ԱՀ ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել ականապատման քարտեզը թուրքերին փոխանցելու լուրի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նկար

Օրերս 24News-ը, հղում անելով Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանին, տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ բրիտանական «The HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հակառակորդին հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։

Մարտի 24-ին Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը ծանուցում է ստացել Արցախի Հանրապետության ԱԱԾ-ից, որում տեղեկացվում է, որ նրա՝ 24News-ին տված տեղեկության առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

«Հայտնում ենք Ձեզ այն մասին, որ Ձեր կողմից զանգվածային լրատվամիջոցներով «The Halo Trust» կազմակերության վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ ԱՀ ԱԱԾ-ի կողմից ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի առաջին մասով և 316-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,-նշվում է ԱՀ ԱԱԾ ՀՀՎ պետ Մ․ Կ․ Հարությունյանի կողմից մակագրված ծանուցման մեջ։

Հիշեցնենք, որ Բորիս Ավագյանը հայտնել էր, որ հավաստի աղբյուրներից իրեն հայտնի է դարձել, որ «The Halo Trust» ընկերությունը, որն աշխատում էր բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ ու զբաղված էր ականների չեզոքացման աշխատանքներով, Արցախում աշխատած ժամանակահատվածում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։

«Սրա պատճառով պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է բարեհաջող կերպով անցնել ականապատված տարածքներով։ Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում»,-ասել էր Ավագյանը։

Առավել մանրամասն՝ այստեղ։

նկար

--00—ԼՄ