«Ազնավուր» հիմնադրամը հագուստ է տրամադրել․ այն կբաժանվի Արցախից տեղահանված քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

հասարակական

«Ազնավուր» բարեգործական հիմնադրամը մեծ քանակությամբ հագուստ (կանանց և տղամարդկանց) է տրամադրել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբին։

Օպերատիվ շտաբը տեղեկացնում է․

«Հագուստը բաժանվելու է Օպերատիվ շտաբի Արշակունյանց 73/2 հասցեում գտնվող պահեստից։

Բաշխումը սկսվելու է մարտի 29-ից՝ ամեն օր ժամը 10:00-ից -15:00-ն։

Միջոցառումից կարող են օգտվել միայն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ Հադրութ, Շահումյան, Քաշաթաղ, Շուշի և Մարտունի, Մարտակերտ, Ասկերան շրջանների բռնազավթված տարածքների՝ այս պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվող տեղահանված քաղաքացիները։

Պահեստում ներկա են լինելու վերոնշյալ շրջանների ներկայացուցիչները. միջոցառման շահառու հանդիսացող բնակիչները անձնագրով (բերել նաև անձնագրի պատճենը) մոտենում են իրենց շրջանի պատասխանատուին, ովքեր ուղղորդելու են հագուստի ընտրության հարցում (ըստ ընտանիքի կազմի):

Ասկերանի և Մարտունու շրջանի բնակիչները մոտենում են Շուշիի շրջանի պատասխանատուին, իսկ Մարտակերտի շրջանի բնակիչները՝ Շահումյանի շրջանի պատասխանատուին։

Վերոնշյալ միջոցառման շրջանակում աջակցությունը տրամադրվելու է բացառապես տեղահանված (փաստացի և ոչ փաստացի) բնակիչներին։ Ցուցակները առկա են շրջանների պատասխանատուների մոտ։

Բոլոր այն մարդիկ, ովքեր արդեն օգտվել են Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում հիմնադրամի կողմից տրամադրված աջակցությունից՝ խնդրում ենք երկրորդ անգամ չներկայանալ»։

--0--ԿԿ