ՏԿԵ-ում ներկայացվել են «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

ՏԿԵ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության («Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի կազմում) պատվիրակությանը՝ ընկերության միջազգային համագործակցության կենտրոնի պետ Վլադիմիր Սավելևի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև հայաստանյան «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Մանուկյանը։

Պատվիրակության անդամները ներկայացրել են տիեզերական գործունեության արդյունքների կիրառման ուղղությամբ «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության առաջարկած լուծումներն ու ծառայությունները, որոնք կարող են ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով օգտագործվել ենթակառուցվածքների, տրանսպորտի, հողօգտագործման, ընդերքօգտագործման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների, բնապահպանության և այլ ոլորտներում։

Պատվիրակության ղեկավար Վլադիմիր Սավելևը և «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության առաջատար մասնագետ Միխայիլ Բերյոզկինը, մասնավորապես, անդրադարձել են «ԳԼՈՆԱՍՍ» նավարկման համակարգի և երկրի հեռահար զոնդավորման տեխնոլոգիաների հիման վրա ընկերության աշխարհագրական տեղեկատվական հարթակի միջոցով տարբեր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ընթացքի օպերատիվ և ճշգրիտ մշտադիտարկումներ կատարելու, ինչպես նաև դրանց հիման վրա համապատասխան ոլորտային գերատեսչությունների կողմից որոշումներ կայացնելու առավելություններին։

«Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության մաս կազմող «Տիեզերական հաղորդակցություններ» («ԿոսԿոմ») ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Կոպիլցովը փոխնախարար Արմեն Սիմոնյանին ներկայացրել է նավիգացիոն տեխնոլոգիաների հիման վրա մշակված մի շարք ծառայությունների և արտադրանքների հնարավորությունները, որոնք կիրառելի են իրական ժամանակում տրանսպորտային համակարգի կառավարման ու մշտադիտարկման, այդ ոլորտում ավտոմատ վճարային համակարգերի, ուղևորային հոսքերի մշտադիտարկման, վտանգավոր բեռների փոխադրումների մշտադիտարկման, թափոնների կառավարման և այլ ոլորտներում։

Հանդիպման ընթացքում փոխնախարար Արմեն Սիմոնյանը և ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության մշակած տեխնոլոգիաների ու ծառայությունների կիրառման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ընկերության կողմից գործակցության կոնկրետ առաջարկներ ներկայացնելու վերաբերյալ։

--00—ՄՀ