Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը շուտով Հայաստան կհասնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

սպուտնիկ

ՀՀ առողջապահության նախարարության և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջև շարունակվում են սերտ շփումները՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մատակարարման հարցով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա նշեց, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի՝ Հայաստան մատակարարումների թեման արդեն հասնում է գործնական իրականացման փուլին:

«Այդ հարցը շատ ակտիվորեն ուսումնասիրվում, մշակվում է, ընդ որում՝ գործնականում, և այն արդեն իրականացման փուլում է: Ես հուսով եմ, որ շատ կարճ ժամկետներում մատակարարումը կիրականացվի: Ամեն դեպքում մենք մեր կողմից դրան ամեն կերպ աջակցում ենք»,- նշել է դեսպանը:

Ինչ վերաբերում է տեղում՝ Հայաստանում, «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հնարավորությանը, դեսպանը նշել է, որ այս հարցի հետ կապված հստակ տեղեկություն չունի, սակայն ՀՀ առողջապահության նախարարության ու Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջև սերտ կոնտակտներ են հաստատված:

«Ես հուսով եմ՝ շատ շուտով պատվաստանյութը կհասնի Հայաստան, թեպետ արդեն անվերադարձելիության հիմքով պատվաստանյութի մեկ խմբաքանակ հասցվել է և օգտագործվում է»,- նշել է նա:

--00--ԱԹ