Հիմնական մրցակցությունը կլինի Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերի միջև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

քաղաքական

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ առաջիկայում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայրենիք» կուսակցությունները, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժը, «Ազգային- ժողովրդավարական բևեռը» և արևմտամետ այլ քաղաքական ուժեր։ Այս մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից անմիջապես հետո ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել էր, որ Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Այս պահին չենք կարող ենթադրել ՀՀԿ-ն կմասնակցի ընտրություններին, թե ոչ։ Ենթադրում եմ կլինեն նաև այլ ուժեր, որոնք դաշինքով կամ էլ առանձին կմասնակցեն ընտրություններին, օրինակ՝ Արման Բաբաջանյանի ղեկավարած քաղաքական ուժը»,-նշել է քաղտոխնոլոգը։

Նրա խոսքով՝ այս պահին հնարավոր չէ կռահել ընտրության արդյունքները։ Կարելի է ենթադրել, որ որևէ ուժ շատ ձայներ հավաքելու պոտենցիալ ունի, բայց հնարավոր է, որ տվյալ ուժի անգրագետ քարոզարշավի պատճառով նա խորհրդարանում չհայտնվի։

«Ով կհայտնվի խորհրդարանում, այդ հարցի պատասխանը կունենանք մոտավորապես հունիսի կեսերից։ Այս պահին ենթադրելի է, որ հիմնական մրցակցությունը կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերի միջև։ Հիմնական մրցակիցները նրանք են լինելու, և նրանց պայքարը լինելու է առաջին տեղի համար, չնայած որ իշխանության համար քարոզչություն անող կայքերը, գործիչները հասարակության գիտակցության մեջ են մտցնում, թե առաջին տեղը Փաշինյանի ղեկավարած ուժն է լինելու, իսկ երկրորդ նախագահը պետք է պայքարի երկրորդ կամ երրորդ տեղի համար»,-շեշտել է Բադալյանը։

Ամփոփելով՝ խոսքը նա նշել է, որ քվեարկության արդյունքները շատ հանգամանքներից են կախված, օրինակ՝ եթե ՀՀԿ-ն չմասնակցի հարց է առաջանում՝ նրա ռեսուրսն ո՞ւմ կողմն է անցնելու, կամ ինչպիսի քարոզարշավ կանցկացվի, դրսից ինչ տրամադրություններ կլինեն, Թուրքիան և Ադրբեջանն ինչ կանեն և այլն։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ