Կանգնած չենք ճգնաժամի առջև, երկիրը կրախի մեջ է․ ընտրություններով իրավիճակը չի շտկվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

«Մենք ճգնաժամի առջև կանգնած չենք, երկիրը կրախի մեջ է։ Ընտրություններով իրավիճակը չի շտկվի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ եթե նույնիսկ վստահ լինեինք, որ առաջիկա ընտրություներին իշխանությունը զրո ձայն է հավաքելու, նույնիսկ այդ պարագայում մեր վաղվա օրվա համար խնդիրը պետք է լիներ նրանց օր առաջ հեռացնելը և օրենքի առաջ կանգնեցնելը։ 

Հարությունյանն ասել է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» չի մարելու։

«Պետություն կորցնելու սպառնալիքը մեզ չի կարող հանգիստ թողնել՝ անկախ նրանից, թե Բաղրամյան պողոտա քանի հոգի է գալիս»,- ընդգծել է նա։

Խոսելով այն մասին, թե իրականում ինչ իշխանություն պետք է լինի, որ կարողանա երկիրը դուրս բերել այս վիճակից՝ նա ասել է․

«Անընդհատ տանելով լիդերի գաղափարը, հանրության մեջ սերմանում ենք փրկչի դերակատարը, մի՛ արեք դա։ Մեզ  փրկիչներ պետք չեն։ Պետք է պրոֆեսիոնալների թիմ, որը մեզ այս վիճակից դուրս կբերի»։

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, եթե ընտրություններից հետո իշխանությունները շարունակեն երկրի կառավարումը, ի՞նչ է լինելու,Հարությունյանն ասել է․

«Եթե ժողովուրդը կրկին ընտրի այս իշխանությունը, մենք ստիպված կհաշտվենք, բայց ոչ թե այն իմաստով, որ վերջ, գնացինք տները, այլ յուրաքանչյուրն իր պատասխանատվության շրջանակներում իր վարքագիծը պետք է ձևավորի։ Գործը չպետք է հասնի ընտրությանը։ Փաշինյանը պետք է հեռանա»։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ