Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում 8 զինվոր առաջին անգամ քայլեց նոր պրոթեզներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

զինվորներ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող և պրոթեզավորում անցած 8 զինվոր առաջին անգամ, միասին քայլեցին ոտքերի պրոթեզներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայրենիքի պաշտպանները անցնելու են պրոթեզավորման վաղ փուլի քայլքի նախնական մարզման և պրոթեզի շտկման ծրագիր:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կենտրոնում բուժում է ստացել շուրջ 3000 զինվոր։

«Այսօր Հայաստան համահայկական հիմնադրամի, ԵՊԲՀ-ի հետ միասին մեկնարկեց տղաների պրոթեզավորման գործընթացը։ Մեր տղաներն այսօր հնարավորություն ունեն աշխարհի ամենաբարձր որակի բրենդերից պրոթեզներ ստանալու։ Տղաներին հատուկ ինդիվիդուալ մոտեցում է ցուցաբերվում»,- նշեց Մուրադյանը և հավելեց, որ պրոթեզավորումը լինելու է անվճար։ Նա շեշտեց, որ իրենց սուրբ պարտքն է տղաներին սոցիալական կյանք վերադարձնելը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ՀՀ-ում պատրաստվելու են պրոթեզավորողներ, ովքեր կաշխատեն նաև մարզերում։

Տղաները հատուկ հարթակի վրա քայլեցին և ցույց տվեցին իրենց պրոթեզների հնարավորությունները, նրանցից ոմանք էլ մարտի դաշտում կորցրել են երկու ոտքը։

Նրանցից մեկը՝ 19-ամյա Սերգեյ Մովսիսյանը, ով արդեն 1 ամիս է, ինչ գտնվում է վերականգնողական կենտրոնում, ասաց, որ գոհ է իր պրոթեզից։

«Ես Մատաղիսում եմ ծառայել, դեռ 3 ամսվա ծառայող էի։ Դեպքը տեղի է ունեցել 2020 թվականին հոկտեմբերի 14-ին։ Մեկ ոտքս է ամպուտացվել, նոր պրոթեզներն էլ բավականին հարմարավետ են»,- նշեց Սերգեյը և հավելեց, որ ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր սովորել Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, սակայն այժմ պլանները փոխվել են։ Փակագծերը բացել նա չցանկացավ։

Պրոթեզավորվողներից մեկն էլ Իսունց Գևորգն է, ով Արցախյան առաջին, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմների մասնակից է։

«Ծնունդով Գորիս քաղաքից եմ, սակայն 22 տարի ապրել եմ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղքում։ 47 տարեկան եմ, ունեմ 4 երեխա՝ 2 աղջիկ և 2 տղա։ Մինչև պատերազմի սկսելը եղել եմ և՛ զինվորական, և բուժաշխատող էի՝ ռենտգենոլոգ։ Եղել եմ Քաշաթաղի բուժմիավորման շտապօգնության ծառայության պետ։ Պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնել եմ մարտի դաշտ, պահեստազորային էի։ Վիրավորումը ստացել եմ սեպտեմեբերի 30-ին՝ Ջրականում (Ջաբրայիլ)։ Տղաներիցս մեկն էլ է վիրավորվել՝ սեպտեմեբերի 27-ին, աջ ոտքն է կորցրել, ինքն էլ է պրոթեզավորվել։ Պրոթեզավորման փաստից վախ չեմ ունեցել, լավ էի տրամադրված, քանի որ այսօր բժշկությունը բավականին զարգացած է»,- ասաց Գևորգն։

Նա ընդգծեց, որ ձեռքի բեկորային վիրավորում նույնպես ստացել է, դեռ պետք է վիրահատվի, ինչից հետո նախատեսում է վերադառնալ Արցախ։

Պրոթեզավորման հոլանդացի բարձրակարգ մասնագետ Խայս Վան Խենթը ներկայացրեց վիրավոր զինվորների պրոթեզավորման ծրագիրը և նրանց արձանագրած հաջողությունները:

«Ես որոշ չափով լսել էի այստեղ տիրող իրավիճակի մասին և, որ պատերազմ էր ընթանում։ Մասնագիտությամբ պրոթեզավորող եմ և շատ մեծ էր ցանկությունս՝ գալ այստեղ ու օգնել վիրավոր զինվորներին ուժերիս ներածին չափով։ Այստեղ եմ եկել կամավորության սկզբունքով։ Ինձ հեշտ է տղաների հետ աշխատել, նրանք շատ մոտիվացված են, շատ են ցանկանում քայլել։ Նրանց հետ արդեն շատ բարիդրացիական հարաբերություններ են ստեղծվել, կարծես ընկերներ լինեն ինձ համար։ Միայն մեկ խնդիր կա, ոչ բոլորի հետ եմ կարողանում շփվել՝ լեզվի պատճառով»,- նշեց Խայս Վանը։

Բոլոր սարքավորումները, ընթացիկ նյութերն ու մնացած անհրաժեշտ պարագաները ձեռք են բերվել Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցով։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս գործում մինչ օրս ներդրվել է շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար։ Նրա խոսքով՝ հետագայում որքան հարկավոր լինի, իրենք պատրաստ են տրամադրել զինվորին օգնելու համար։

«Պատերազմի առաջին իսկ օրերից մենք բանակցություններ էինք վարում տարբեր ընկերությունների հետ, փորձեցինք հասկանալ, թե որ ընկերություններն են զբաղվում պրոթեզավորմամբ։ Հասկանում էինք, որ մեծ քանակությամբ մարդիկ կլինեն, ովքեր կունենան դրա կաիրքը։ Հոլանդիայի կառույցի հետ պայմանավորվեցինք, այնուհետև նրանք ժամանեցին ՀՀ և այցելեցինք Հայրենիքի պաշտպանի տուն, որոշվեց ծրագիրը հենց այստեղից էլ սկսել»,- նշեց Արշամյանը և հավելեց, որ մինչ օրս ՀՀ է բերվել 80-100 պրոթեզ, սակայն դեռևս անհրաժեշտ է նորերը ձեռք բերել։

Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով՝ պրոթեզավորման ժամանակակից լաբորատորիայում հայրենիքի պաշտպանները կստանան անհրաժետ վերականգնողական ծառայությունները՝ բարձրակարգ մասնագետների կողմից։

Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով ամպուտացվել է 114 հոգու վերջույթները, 19-ը՝ վերին, իսկ 95-ը՝ ստորին։

2021 թվականի սկզբից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը համալրված է Ottobock գորմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզներով։

--00—ՄՀ