Ես մտավախություն չունեմ, որ իշխանությանը հաճո մարդիկ ռեկտորներ կդառնան․ ԵՊՀ ռեկտորի ԺՊ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

հասարակական

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը դրական է գնահատում այսօր ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Այս մասին ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն ասել է 24News-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ փաթեթը խորհրդարանում քվեարկությամբ ստացել էր 79 «կողմ», 36 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայներ:

Օրենքի նախագծով կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակվում է 9 անդամով: Անդամներից 5-ին նշանակում է պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը լինում են բուհից: Նախագծով արգելվում է պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը խիստ քննադատությունների էր արժանացել և դրանում կատարվել էին փոփոխություններ: Ռեկտորների ընտրության և նշանակման մասում կատարվել են էական փոփոխութուններ. կառավարման խորհուրդն է ընտրում ռեկտոր, որը հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ 5 տարի ժամկետով:

Եթե նախկինում ռեկտորի թեկնածուի համար օրենքով պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, ապա նախագծով ավելացել է նաև առնվազն 5 տարվա գիտամանկավարժական, գիտական և ակադեմիական գործունեության ստաժի պահանջը: Բուհում կարող են գործել ուսանողական միավորումներ:

Հնչող քննադատություններին, թե նախագիծը չի քննարկվել ռեկտորների հետ, Գեղամ Գևորգյանը պատասխանեց, որ ինքը քննարկման չի մասնակցել, սակայն իր փոխարինողը քննարկումներ ունեցել է։
«Ես անաշխատունակ էի այդ ժամանակ, հիվանդ էի, կորոնավիրուսով էի վարակվել»,-ասաց ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն։

Դիտարկմանը, թե մտավախություն կա՝ փոփոխությունների արդյունքում իշխանությունների հավանած թեկնածուները կարող են ռեկտորներ դառնալ, Գևորգյանը պատասխանեց․ «Ես  ընդհանրապես մտավախություն չունեմ»։

Սոնա Գևորգյան