Ճապոնիան ՀՀ-ին 3,6 մլն դոլարի օգնություն է տվել պատերազմի հետևանքները վերացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

նկար

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այդ մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:  

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Նախարարություն կատարած այցի համար և բարձր գնահատել Ճապոնիայի Կառավարության ջանքերը՝ Կիոտո քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար։  

Ռուստամ Բադասյանը, Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր նաև 2020 թվականի սեպտեմբերին Թուրքիայի հովանավորչությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիային՝ նշելով, որ այդ 44 օրերի ընթացքում հայ ժողովուրդն ականատես է եղել միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների։

Դեսպանի հետ զրույցում նախարար Բադասյանը կրկին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու նպատակով Հայաստանին տրամադրած 3,6 մլն դոլարի հումանիտար օգնության համար և անդրադարձել Ճապոնիայի արդարադատության նախարար Յոկո Կամիկավայի հետ հանդիպման արդյունքներին։

Դեսպան Ջուն Յամադան կարևորել է երկու երկրների նախարարների հանդիպումն ու ուղիղ երկխոսություն սկսելու հնարավորությունը և տեղեկացրել, որ, թեև ավարտում է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունը, սակայն դժվարությամբ է հեռանալու Հայաստանից և «սիրտը թողնելու է Հայաստանում»։

Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ի շահ Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության անձնական ներդրման համար և նորանոր ձեռքբերումներ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։

--00—ԼՄ