Թող ԱԱԾ-ն ցույց տա այն վտանգները, որոնք կառաջացնի մայրուղուց նկարահանում իրականացնելը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News    

Աբրահամյան

Սահմանամերձ համայնքներում, աահմանային հատվածներում տեսանկարահանումները, լուսանկարահանումներն, հավաքական առումով՝ լուսաբանումներն, անշուշտ կարգավորման խնդիր ունեն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Բայց դրանք պետք է լինեն տրամաբանության սահմաններում, որպեսզի չդիտվի զուտ իրականության քողարկում։ Մեկ օրինակ բերեմ. Գորիս-Կապան ճանապարհի մերձակա հատվածներում ադրբեջանական մեկ սահմանային ուղեկալ և մի քանի դիտակետ-հենակետներ կան։

Եթե ես ճանապարհին մեքենայից նկարում եմ, դա ի՞նչ սպառնալիք է ստեղծում Հայաստանի ազգային անվտանգությանը։

Խնդիրն այն ժամանակ կլինի, եթե, օրինակ ես դա նկարեմ մեր մարտական դիրքի այնպիսի ռակուրսից կամ սահմանային հատվածից, որում կերևա մեր դիրքի կառուցվածքը, կահավորումը, սպառազինությունը, տեխնիկական միջոցները և այլն։
Թող որևէ կառույց, այդ թվում՝ ԱԱԾ-ն, ցույց տան այն վտանգները, ռիսկերը, որոնք կարող են առաջացնել մայրուղուց լուսանկարահանում կամ տեսանկարահանում իրականացնելը։

Եթե այս սահմանափակումների գործընթացը փորձում եք տեղավորել իշխանության՝ Սյունիքն անվտանգ է կեղծ և վտանգավոր թեզի ներքո, ասեմ, որ դրանով ավելի մեծ վնաս եք հասցնում երկրի ազգային անվտանգությանը, քան իրականության մասին խոսելով։
Ի վերջո, մեր խնդիրն այն է, որ ռեսուրսները սահմանային անվտանգության ապահովման ուղղությամբ դնելու փոխարեն իշխանությունը զբաղված է իրականությունը թաքցնելով», - նշել է Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը կառավարությանն է ներկայացրել «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտա­գործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տա­րածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգե­լա­փա­կոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

--00—ՄՀ