Որակական փոփոխությունների կարիք կա ՀԱԳՄ-ի աշխատանքի մեթոդներում․ Արսեն Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

Արսեն Ղազարյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը մարտի 16-ին նախագահության հեռավար նիստ է գումարել: Այս մասին հայտնում են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից:

«Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ, երբ այսուհետ գործ կունենանք օրենսդրական նոր նախագծերի քննարկումների հետ, առավել վճռական պետք է լինենք երկրի տնտեսական քաղաքականությանն առնչվող այս կամ այն փոփոխությունների վերաբերյալ մեր ձայնը բարձրացնելու, այն պատկան մարմիններին հասանելի դարձնելու առումով»,- ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ անդրադառնալով կառույցի լոբբիստական գործունեությանը։

Նախագահության նիստի օրակարգային հարցերի թվում է եղել  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի հետ կապված՝ ՀԱԳՄ մասնագետների կատարած աշխատանքը։ Չնայած վերջիններիս կողմից բերված բազմաթիվ հակափաստարկների, գործարար համայնքի հնչեցրած ահազանգերի, պատգամավորների հետ հանդիպումների ու քննարկումների՝ օրերս ՀՀ Ազգային ժողովն  ընդունել է հիշյալ օրենքը։ Այս իրողությունը ոչ միանշանակ է գնահատվել գործարարների կողմից, ովքեր թե՛ օրենքում արձանագրված նոր դրույթներն են անընդունելի համարում՝ որպես հետհամավարակային և հետպատերազմական տնտեսության համար խոչընդոտող հանգամանքներ, թե՛խորհրդարանականների ցուցաբերած մոտեցումը, ովքեր այդպես էլ ականջալուր չեն եղել մասնագիտական շրջանակների կարծիքներին։  

Նիստի մասնակիցները համակարծիք են եղել, որ այսուհետ առավել պետք է ուժեղացնել ու նպատակային դարձնել մասնագիտական, փորձագիտական խմբերի աշխատանքները, մեծացնել հանրային կարծիքի ձևավորման վրա ունեցած ազդեցությունը, ավելի սերտացնել գործարարության հիմնախնդիրներով զբաղվող այլ հասարակական կառույցների հետ համագործակցությունը՝ գործադիր և օրենսդիր մարմինների կողմից տնտեսական քաղաքականության մշակման գործընթացում անհրաժեշտ մասնակցության արդյունավետությունը բարձրացնելու համար։  

Նախագահության նիստում նաև լսվել են և հավանության արժանացել 2020թ. ընթացքում  ՀԱԳՄ  կատարած աշխատանքներն ու ֆինանսական  գործունեության հաշվետվությունը։

Միությանն անդամակցելու հայտ էր ներկայացրել «Մեդիա սելլեր» ընկերությունը, որն ընդունվել է միաձայն։

--00—ՄՀ