Բաժանված ենք երկու բանակի, իրար ոչնչացնե՞նք մինչև վերջ. Արա Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Երաժիշտ Արա Գևորգյանը 24TV-ի եթերում պատմում է պատերազմի հետևանքով բնակավայր Հադրութը լքած ստեղծագործող երեխաների մասին, որոնց գեղանկարներով ու ձեռքի աշխատանքներով պարբերաբար ցուցահանդես-վաճառք է կազմակերպում աշխարհի տարբեր քաղաքներում և հասույթը հատկացնում նույն երեխաներին:

«Այդ երեխաների մեջ կարոտ կա, մեծ ցանկություն` վերադառնալ իրենց հայրենի Հադրութ»,- ասում է Գևորգյանը: 

Ճանաչված երաժիշտն, անդրադառնալով ներքաղաքական այս ծանր ու ճգնաժամային վիճակին, վստահեցնում է, որ մեզ առաջին հերթին անհրաժեշտ է սեր մեկմեկու նկատմամբ, որպեսզի կարողանանք այսքան կուտակված չարությունն ու ատելությունը թոթափենք մեր միջից: 

«Բաժանված ենք երկու բանակի, իրար ոչնչացնե՞նք մինչև վերջ: Առաջ կանխատեսելի էր՝ վաղն ինչ կլինի, այսօր կանխատեսելի չէ. մեզ առաջ մղող ուժերի հաջորդ քայլը չգիտեմ: Էն մարդիկ, որ սխալ տեղում են հայտնվել, թող լքեն իրենց պաշտոները և տեղ ազատեն ավելի խելացիների համար: Սյունիքում` մեր փողոցների բանուկ հատվածներում, քայլում են ադրբեջանցիներ և իրենց ցուցանակներն են դնում դես ու դեն. թող ելք գտնեն՝ վերացնեն դրանք: Նախ պետք է մեր պահանջը բարձրացնենք Ադրբեջանի անազնիվ պահվածքի դեմ՝ մեր գերիների վերադարձի համար: Երանի մեր գերիները վերադառնան, մեր կորած զավակները գտնվեն: Մենք չենք կորցրել մեր հայրենիքի մասը, դա ժամանակավոր բնույթ է կրում,- վստահեցնում է Արա Գևորգյանը: