Human Rights Watch-ի նոր անդրադարձը Ադրբեջանում պահվող գերիների թեմային

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 13,  24News  

right watches

Հայերի դեմ Ադրբեջանի սանձազերծած վեցշաբաթյա պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի շատ շրջաններում վերահսկողություն հաստատելուց հետո ադրբեջանական զինված ուժերը շրջապատել են քաղաքացիական անձանց: Բազմաթիվ երիտասարդներ կարողացել են դուրս գալ շրջափակումից: Մնացել են հիմնականում տարեցները, որոնք չեն ցանկացել լքել իրենց տները: Այս մասին գրել է 1lurer.am-ը։ 

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը վավերագրել է բազմաթիվ դեպքեր, որոնց համաձայն ադրբեջանցի զինվորականները գերեվարել են քաղաքացիներին, կտտանքների ենթարկել նրանց և պահել անմարդկային պայմաններում: Կազմակերպությունն անդրադարձել է գերեվարման ժամանակ երկու քաղաքացու սպանության դեպքին: Վկայություններ կան, որ նրանք ամենայն հավանականությամբ առանց դատավճռի մահապատժի են ենթարկվել: Ադրբեջանի զինված ուժերը քաղաքացիներին գերեվարել են նույնիսկ այն դեպքում, երբ անվտանգության սպառնալիքի որևէ ապացույց չկա՝ նրանք զինված չեն եղել և չեն մասնակցել ռազմական գործողություններին:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացրած դեպքերը հիմնված են գերությունից ազատ արձակվածների, նրանց ընտանիքների անդամների հետ հարցազրույցների, լուսանկարների, տեսագրությունների և բժշկական փաստաթղթերի վրա:

Փետրվարի վերջին ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը դատարանին խնդրել էր միջամտել Ադրբեջանում պահվող 240 ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցով: Մոտ 90 տոկոս դեպքերն ապացուցող լուսանկարներ կամ տեսագրություններ կան, որ այդ մարդիկ գտնվում են ադրբեջանական կալանավայրերում: Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ հրադադարից ավելի քան երեք ամիս անց ադրբեջանական կողմը Հայաստանին ընդհանուր առմամբ վերադարձրել է 69 ռազմագերիների և քաղաքացիական անձանց:

Հիշատակելով մի շարք միջազգային օրենքներն ու կոնվենցիաները՝ իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է առանց հետաձգելու հետաքննություն անցկացնեն քաղաքացիական անձանց անօրինական ձերբակալման, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, առանց դատավճռի մահապատիժ իրականացնելու գործով՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին: Նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն ու հայրենիք վերադարձնեն կալանավայրերում պահվող քաղաքացիական բոլոր անձանց:

--00—ՄՀ