ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
ԼՂ հարցը երբևէ պատերազմական կամ ռազմական ճանապարհով չի լուծվել ու չի լուծվելու, հիմա էլ չի լուծվել: Այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսության «Օր․ Թեմա» ծրագրի հետ հարցազրույցում նշել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Եթե էքսկուրս կատարենք 1920-1921, 1923 թթ, ավելի ծանր ժամանակահատվածներ ենք ապրել, մեր ժողովուրդն իր մեջ միշտ ուժ է գտել հաղթահարել այդ օրերը»,- նշել է նա:
Բալասանյանն անդրադարձել է հարցին՝ ինչո՞ւ ստացանք սեպտեմբերի 27:
«Այն քաղաքականությունը, որ վարում էր ՀՀ ներկայիս քաղաքական իշխանությունը, ելակետը զրոյականն էր. մենք բազմիցս ենք բարձրաձայնել այդ մասին: 2016-ի ապրիլյան դեպքերից հետո ՀՀ քաղաքական իշխանությունը ստացավ մի բանաձև, ինչ էր իր մեջ պարունակում այն. շփման գծում, կարող ենք պայմանական ասել՝ պետական սահմաններին, մշտադիտարկման տեխնիկական հագեցվածություն, ՄԽ գրասենյակի ընդլայնում: Դրանով կֆիքսվեր, պատասխանատվության կենթարկվեին այն կողմը կամ կողմերը, որոնք 94 թ. մայիսի 12-ի հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը կխախտեին»,- ասել է Բալասանյանը:
ԱՀ ԱԽ քարտուղարը նկատել է՝ 94 թ. մայիսի 12-ից առ 2016 թ. այդ փաստաթուղթը գոյություն ուներ այնքանով, որքանով, բայց 2016 թ. հետո այն գրեթե ամրագրվել էր: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ քաղաքական իշխանության փոխվելուց հետո. հայտարարվեց «Արցախը Հայաստան է և վերջ», որ չէր կարելի ասել:
«Ամեն ինչ պետք է անեին, որ սուբյեկտայնությունը բարձրացվեր՝ քաղաքական, ռազմական, տնտեսական դերաբաշխում պետք է ունենայինք ՀՀ և Արցախ: Եթե զուգահեռներ անցկացնենք մինչև 91, 92, 93 թթ. հունիս, ապա հիմա մենք ավելի ծանր վիճակում չենք, քան մինչև 93 թ. հունիսը ներառյալ: Այսօր կան ռազմական, քաղաքական, մարդկային ռեսուրսները, սփյուռքը, մեր կապերը այլ երկրների հետ, որ կարողանանք այս ծանր վիճակից դուրս գալ, վստահ եմ, որ դուրս ենք գալու: Մշակում, վարում ենք համապատասխան քաղաքականություն, մշակում ենք հայեցակարգ, որ ԱԽ-ում կքննարկվի, որպես փաստաթուղթ կընդունենք»,- նշել է նա:
Բալասանյանն ընդգծել է՝ տնտեսությունն այս պահին շատ ծանր վիճակում է, քանի որ մեծ տարածքներ են կորցրել, ունեն հազարավոր տեղահանվածներ, որ ամեն ինչ կորցրել են, բայց հնարավոր է համայն հայության ուժերով այս հարցերը լուծել:
--00--ԱԹ