Արտակ Դավթյանը քանդեց Գորիսի և Կապանի գունդը, իր պնդմամբ գնվեցին «ՕՍԱ»-ներն ու ՍՈՒ 30-ները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Արտակ Դավթյանի` ԳՇ պետ եղած ժամանակ Գորիսի և Կապանի գնդերը կրճատվեցին, դարձան գումարտակներ, պաշտպանական շրջանների 5-րդ գումարտակները՝ ոչ մարտունակ ստորաբաժանումներ։ Փառք Աստծո, Օնիկ Գասպարյանն առաջին օրը հենց եկավ, միանգամից փոխեց հրամանը, վերականգնեց այդ գումարտակները, որոնք բավականին մեծ դերակատարություն ունեցան բանակում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով՝ «ՕՍԱ-ԱԿ»-ներն ու ՍՈՒ 30-ները գնել են Արտակ Դավթյանի պնդմամբ։ «Սրա մասին ես ահազանգել եմ այն ժամանակ, երբ դեռ պատերազմ չկար, երբ դեռ հանրահավաքներ չկային, և մեր ժողովուրդը հրճված նայում էր, թե ինչպես է վարչապետը ղեկավարում երկիրը։ Սա բանավոր չեմ ասել, բոլորը գրավոր ներկայացրել եմ, գրել եմ նաև նրա օրոք ԳՇ-ի ու ՊՆ-ի ուռճացման, զորահավաքի պլանի փոփոխությունների կատարման ձախողման մասին, զգուշացրել եմ՝ չեք կարողանալու պատերազմի ժամանակ այդ խնդիրները կատարել։ Ես ճիշտ դուրս եկա, և մեր զորահավաքային պլանը պատերազմի ընթացքում չկատարվեց նաև այդ պատճառով»,-նշել է Հակոբյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող այլ կարևոր հարցերի, այդ թվում  ԶՈՒ ԳՇ վերջին հայտարարությանն ու առաջիկա զարգացումներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ