Ճգնաժամը կհաղթահարվի միայն վարչապետի հրաժարականից հետո. Ընդդիմության պատասխանը նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդն, ի պատասխան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնության, հայտարարությամբ է հանդես եկել: Այն լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը, արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, ընդգծում է, որ երկիրը կանգնած է ազգային աղետի շեմին, խորանում է անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգային ճգնաժամը, և հայտնի են դրա պատճառներն ու պատասխանատուները։

Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը՝ հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը։

Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ»,- ասված է հայտարարության մեջ:

--0--ԿԿ