Կորոնավիրուսով վարակված և առողջացած անձինք ևս կարող են պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

Ռոմելլա

Covid-19-ի դեմ պատվաստվել կարող են նաև կորոնավիրուսով վարակված և առողջացած անձինք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նա նշեց` երկրները պատվաստանյութերի սղության պատճառով դեռևս առաջնահերթություն են տալիս ռիսկի խմբերի անձանց:

Աբովյանի խոսքով, սակայն, երբ պատվաստանյութը հասանելի լինի ողջ բնակչությանը, կարող են պատվաստվել նաև վարակված և առողջացած անձինք նույնպես: Հայաստանում պետպատվերի շրջանակում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կստանան ռիսկի խմբում ներառված քաղաքացիները` կամավորության սկզբունքով:

Պատվաստվելու հնարավորություն կունենան տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները: Աբովյանը տեղեկացրեց, որ Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը:

--00--ԱԹ